ԱԺ նախագահի, գործող ու ապագա վարչապետների ընտանիքներին անվտանգություն կտրամադրվի

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և ընդունվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքների նախագծերը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի համաձայն որոշում էր կայացվել Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն, Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնել և այն դարձնել առանձին մարմին։ Այս կոնտեքստում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրականացնել այդ քայլը։

«Ըստ օրենքի նախագծի փաթեթի՝ նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները։ Այս դրույթները վերաբերվելու են գործող և ապա վարչապետներին, ինչպես նաև նախագահներին։ Այսինքն՝ ըստ դրույթների Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո պահպանության տրամադրումը նախատեսվում է վարչապետի որոշմամբ։

Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը այն հաշվառմամբ, որպեսզի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս