«Կործանված պետություն է. ի՞նչ Ամանոր», «փող չկա». Մայրաքաղաքի նախատոնական տրամադրությունները
285 միլիոն դրամ կամ շուրջ 700.000 ԱՄՆ դոլար. սա մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծախսն է:
168.am-ը, սակայն, շրջել է մայրաքաղաքի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ և պարզել, որ ամանորյա տրամադրությունն ամենևին էլ շքեղ լուսավորությամբ ու տոնական շոուներով չի շտապել մայրաքաղաք:
«Մեզ Ամանորը պետք չէ դիմավորել: Կործանված պետություն է. ի՞նչ Ամանոր: Մեր ժողովրդի մատաղ սերունդը… ի՞նչ Ամանոր: Ես չեմ տոնում, ես չեմ տեսնում Ամանոր Հայաստանում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն էլ նկատեց. «Նշելու ենք ազգի տրամադրության հետ: Իսկ ազգի վիճակն անհեռանկարային է, որովհետև չգիտենք՝ ինչ ճանապարհ ենք ընտրել, ուր ենք գնում, ինչ է լինելու մեր ապագան»:
Ի դեպ, նույն քաղաքացուն մտահոգել էր նաև Հանրապետության հրապարակի լուսավորության պատճառով թամանյանական ճարտարապետությանը հասցված վնասը:
«Ես, որպես տեխնար, կարող եմ ասել՝ դա բարբարոսություն է՝ անցքեր բացել տուֆի մեջ, ջուրը լցվելու է, ձմռանը սառի, սկսելու են միկրոճաքերը: Ծեփամածիկով փակելն ի՞նչ է նշանակում՝ կարկատան շալվարիդ վրա՞: Սա ոչ կոմպետենտ ղեկավարների արդյունքն է»,- նշեց նա:
Քաղաքացիներից մեկն էլ հավելեց. «Քաղաքի լուսավորությունը չէ կարևորը. քաղաքի վաղվա օրվա հանդեպ վստահությունն է կարևորը, որն այսօր չունենք կարծես. համենայն դեպս, ես մտածում եմ, որ մեր ձեռքում չէ մեր վաղվա օրը»:
Ի դեպ, մեր զրուցակիցներից մի քանիսը նշեցին, որ տոնական օրերն առանց տոնական տրամադրության կանցկացնեն գումար չունենալու պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում