Ուզբեկստանը հրաժարվել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից
Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել է, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն իր ազգային շահերը:
Անցյալ ամիս Ռուսաստանը հայտարարել էր, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարը, որը պետք է նպաստեր գազափոխադրումներին երեք երկրների միջև, ինչպես նաև այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան:
«Նույնիսկ եթե Ռուսաստանի հետ կնքվի գազի համաձայնագիր, ապա դա չի նշանակում միություն», – ասել է Միրզամահմուդովը:
Նա նշել է, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն:
«Եթե մենք գազ ենք ներկրում այլ երկրից, մենք համագործակցում ենք միայն վաճառքի վերաբերյալ առևտրային պայմանագրի հիման վրա: Մենք գազի դիմաց երբեք չենք համաձայնի քաղաքական պայմանների: Այլ խոսքով՝ մենք մեզ առաջարկվող գազի պայմանագիրը կստանանք միայն այն դեպքում, եթե համաձայնենք դրան, հակառակ դեպքում՝ ոչ», – մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը:
Ուզբեկստանը մասամբ կախված է այլ երկրներից ներկրվող գազից: Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Տաշքենդում գազի պակաս է եղել, քանի որ ցուրտ եղանակի պատճառով սպառումն ավելացել է: Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 մլն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան: