Միջնորդությունը մերժվեց. Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:

Նիստը, հիշեցնենք, դատավորի որոշմամբ՝ արգելվել է տեսաձայնագրել կամ ուղիղ հեռարձակել: Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես, պաշտպանը մատնանշեց այն հանգամանքը, որ կալանավորման հիմքում դրել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն շեշտեց, որ չեն հարցաքննվել առանցքային վկաները, գործով չկա որևէ առանցքային վկա, այսինքն՝ խոսվում է միայն հավանականության մասին:

Իսկ թե «ովքեր են այդ վկաները», Արտակ Ոսկանյանը փորձեց ներկայացնել՝ ցուցմունքներից որոշ հրապարակումներ անելով, ցույց տալով, որ որևէ ցուցմունքում Մամիկոն Ասլանյանի դեմ չկա վկայություն, հետևաբար՝ առանցքային վկաների մասին խոսելը տրամաբանական չէ:

«Քանի չկա մեղադրական ցուցմունք, քանի դեռ չկան առերեսումներ, ուրեմն տրամաբանական չէ Մամիկոն Ասլանյանին այդ հիմքով կալանքի տակ պահել»,- ասաց Արտակ Ոսկանյանը:

Կարդացեք նաև

Մեղադրող դատախազ Մովսիսյանը վկայակոչեց դատարանի՝ հունիսին կայացված վճիռը, որով անփոփոխ էր թողնվել Ասլանյանի կալանավորումը՝ քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր գնահատելու հանգամանքով պայմանավորված:

Ի պատասխան մեղադրող դատախազի՝ Արտակ Ոսկանյանը հիշեցրեց ՄԻԵԴ նախադեպային որոշումները, ասաց, որ այս գործով նույնիսկ ՏԻՄ օրենքում են փոփոխություններ կատարվում և փոխվում են Քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները:

Դատավորի հարցին՝ պաշտպանն ինչո՞վ կհիմնավորի իր այն միտքը, որ ՏԻՄ օրենքներ են փոխվում, Արտակ Ոսկանյանն ասաց՝ այս պահին նման խնդիր միայն Վանաձոր համայնքում կա:

Դատախազ Մովսիսյանը հաջորդիվ անդրադարձավ Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությանը, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ զբաղվելու, բայց այստեղ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Ի պատասխան՝ Մամիկոն Ասլանյանն ասաց՝ այդ հայտարարությամբ միտում չի եղել դատախազին կրակը գցելու, սակայն այս գործում քաղաքական ենթատեքստ տեսել են ինչպես Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, այնպես էլ՝ գործող պաշտպանը, և նույնիսկ արձանագրումներ են եղել ԱՄՆ Պետդեպի հայտնի զեկույցում:

Դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:

Վերադառնալով՝ դատարանը հրապարակեց վճիռը. Միջնորդությունը մերժվեց, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված:

Տեսանյութեր

Լրահոս