Բաժիններ՝

Կարողանում ենք պատկերացում կազմել փոփոխությունների մասին, բայց կոնկրետ երկրաշարժի կանխատեսումը չլուծված բարդ գիտական խնդիր է. Սոս Մարգարյան

34 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ դառնալով  տասնյակ-հազարավոր մարդկանց մահվան և հազարավոր շինությունների փլուզման պատճառ:  1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով առավոտյան 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:

168.am«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանից հետաքրքրվեց՝ երկրաշարժը հնարավո՞ր է կանխատեսել:

«Երկրաշարժերը   սարքավորումներով չեն կանխատեսում, կանխատեսումն իրականացվում է մասնագետների կողմից: Կանխատեսումներ անելիս կամ որևէ եզրակացության գալուց ինչքան լավ, ճշգրիտ է սարքավորումը, այնքան ճշգրիտ է կանխատեսման աստիճանը, բայց կոնկրետ երկրաշարժի կանխատեսումը չլուծված բարդ գիտական խնդիր է, որով նաև մենք ենք զբաղվում: Հիշեցնեմ,  որ կանխատեսում ասելով՝ հասկանում ենք նախ ուժեղ երկրաշարժերը՝ 6-7 մագնիտուդից բարձր, և դա չլուծված խնդիր է, չնայած մեր սարքավորումներով կարողանում ենք պատկերացում կազմել, տեղեկացված լինել այն փոփոխությունների մասին, ինչ տեղի է ունենում երկրակեղևում»,- ասաց Սոս Մարգարյանը:

Մեր հարցին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սեյսմաակտիվ գոտում ենք ապրում, դպրոցներում, բուհերում որքա՞ն հաճախ են դասընթացներ կազմակերպվում հնարավոր երկրաշարժի դեպքում խուճապի չմատնվելու, պատսպարվելու ուղղությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ  թիրախային խումբը դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն են: Բուհերի դեպքում 4 տարին մեկ են կազմակերպվում միջոցառումները: Ընդգրկվում են ոչ միայն Երևանը, այլև մարզերը: Ուշադրության կենտրոնում հատկապես մեծ քաղաքներն են:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում այսօր տարհանման վարժանք է կազմակերպվել՝  «Աղետների դիմակայության օր» խորագրով:

Տնօրեն Լիլիթ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԻՆ-ը պարբերաբար հանդիպումներ կազմակերպում է, այցեր լինում են, բայց այս անգամ դպրոցն է անցկացրել վարժանքը:

«Դեկտեմբերի 7-ին՝ աղետալի երկրաշարժի և մարտի 1-ին՝ Քաղպաշտպանության համաշխարհային օրը, ամեն տարի վարժանքներ ենք կազմակերպում, սեմինարներ՝ թե՛ ծնողների, ուսուցիչների, թե՛ աշակերտների համար: Պարբերաբար իրականացվող վարժանքների ժամանակ թերությունները շտկվում են: Քչերը կան, որ իրազեկված են տարհանման կանոններին: Շատ սխալներ լինում են: Օրինակ, այսօր աշակերտներից շատերը վերցրել էին պայուսակներ կամ գրքեր, բաճկոնները, ես բացատրեցի, որ կարևորն իրենց կյանքն է, իրերն իրենցից թանկ չեն:  Սովորում են նաև, թե ինչպես պետք է օգնել հենաշարժական համակարգի խնդիր  ունեցող իրենց ընկերներին»,- մանրամասնեց դպրոցի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս