«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի». Կարեն Վրթանեսյան
Ռազմինֆո կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» թեմայով պանելային քննարկման ժամանակ արձանագրեց՝ եթե ինչ-որ երկրի դե յուրե ղեկավար հայտարարում է, որ իր հայրենակիցների ինչ-որ մասին սպառնում է Ցեղասպանություն, այդ երկրի անվտանգությունից խոսել պետք չէ:
«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի. այստեղ ոչ մի նոր բան չկա: 2020 թ. նոյեմբերի 10-ից սկսած՝ Ադրբեջանն ամեն ինչ արել է նոր պատերազմին պատրաստ լինելու համար: Դժվար է ասել՝ իրենց պլաններն ինչքան են, ինչպես են, բայց սեպտեմբերյան կռիվների մասշտաբի բան հանգիստ կարող են ցանկացած պահի նորից կրկնել. դրա ռեսուրսներն Ադրբեջանն ունի:
Ես ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին բարձր եմ համարում, ու դա պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե Ադրբեջանն ինչ-որ նպատակներ ունի, այլ առաջին հերթին այն բանով, որ Հայաստանն ի վիճակի չէ այսօր լիարժեք դիմադրել այդ հարձակումներին: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որպեսզի ՀՀ-ն ի վիճակի չլինի դիմադրել»,- նշեց Կարեն Վրթանեսյանը՝ զարմանքով արձանագրելով, որ հետո պաշտոնական շրջանակներից հայտարարություններ են հնչում, թե ինչ կարող ենք անել:
Ռազմական փորձագետը պատասխանեց «ինչ անենք» հարցին՝ թվարկելով այն, ինչ պետք է արվեր:
«Նոյեմբերի 10-ից սկսած՝ պետք է համալրել սպառազինությունը, զինամթերքը, պետք է շտապ վերականգնել բանակը. այս երկու տարին պետք է լինեին անդադար զորավարժությունների, զենքի գնումների տարի: Արվել է այդ ամենի հակառակը. 5 ամիս չունեինք ԳՇ պետ, առ այսօր՝ 9 ամսից ավելի է՝ չունենք Հետախուզության պետ: Վերջերս ինձ ասացին, որ փաստացի պատերազմից հետո չունենք հակահետախուզության պետ. հետո էլ զարմանում են, թե ինչ դավաճանության թեմաներ են (չնայած դա էլ է ուռճացրած նիկոլական քարոզչության կողմից. իրականում պատկերն այնպես չէ՝ ինչպես ներկայացնում են):
Մի խոսքով, բոլոր ճակատներով քանդում են, քայքայում են, հետո ասում են՝ չենք կարող դիմադրել: Իշխանական քարոզիչներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը, փորձեց ասել, թե ամեն բանակցող բանակցում է՝ ըստ այն բանակի կարողության, որ ունի:
Եթե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունենար ուժեղ բանակցելու, ուրեմն բանակը կվերականգներ, չէր ջախջախի. բանակն այսօր ջախջախված է, ու ամեն ինչ արվում է, որ ՀՀ անվտանգությունն ապահովող համակարգերը թուլանան»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում