Թուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել ռուսական նավթի էմբարգոյի պատճառով

Թուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները: Անկարան ստուգում է բոլոր նավերի լիարժեք ապահովագրության մասին նոր փաստաթղթերը:

Ըստ հրապարակման՝ երկուշաբթի օրը թուրքական ջրերը հատելու համար 19 լցանավի կուտակում է առաջացել: Նավերը խարիսխ են գցել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մոտ, որոնք ռուսական սևծովյան նավահանգիստները կապում են միջազգային շուկայի հետ: Նավի բրոքերներից մեկը պարբերականին հայտնել է, որ առաջին լցանավը ժամանել է նոյեմբերի 29-ին և դեռ սպասում է մեկնելու թույլտվության:

Հիշեցնենք՝ երեկվանից ուժի մեջ է մտել ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված Մեծ յոթնյակի երկրների, Ավստրալիայի և Եվրամիության 27 պետությունների սահմանափակումը: Այս միջոցառումը թույլ է տալիս ռուսական նավթը երրորդ երկրներ ուղարկել G7-ի և Եվրոպական Միության անդամ երկրների լցանավերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների միջոցով միայն այն դեպքում, եթե նավթի մեկ բարելի դիմաց վճարվել է 60 դոլար կամ դրանից պակաս:

Ռուսաստանը հայտարարել է, որ գնային շեմի սահմանումը կապակայունացնի էներգակիրների համաշխարհային շուկան, սակայն չի ազդի ռազմական գործողությունները շարունակելու իր կարողությունների վրա: Մինչդեռ գնային շեմի սահմանման նպատակն է Ռուսաստանին զրկել ֆինանսական միջոցներից, որոնք հարկավոր են Ուկրաինայում ռազմական գործողությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս