«Սեպտեմբերյան շոկից հետո» որտե՞ղ է Քերոբյանը տեսել տնտեսության վերականգնումը

«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»,- հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակումից հետո շտապեց հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որտեղի՞ց է էկոնոմիկայի նախարարը եզրակացրել, որ տնտեսությունը սեպտեմբերյան շոկից հետո վերականգնվել է, երբ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը ոչ միայն չի աճել, այլև նվազել է։

Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը 2 տոկոսով ավելի ցածր է եղել, քան սեպտեմբերին։

Մի՞թե սա «սեպտեմբերյան շոկից հետո» տնտեսության վերականգնում է, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը։

Այս տարի որևէ ժամանակահատվածում, տնտեսական ակտիվությունը նախորդ ամսից ավելի ցածր չի եղել։ Նույնիսկ սեպտեմբերին, երբ նախարարի կարծիքով, տնտեսությունը եղել է շոկի մեջ, ակտիվությունն ավելի բարձր էր, քան օգոստոսին. 8,9 տոկոսանոց աճ էր գրանցվել։

Մինչդեռ՝ հոկտեմբերին ակտիվությունը սեպտեմբերից ցածր է եղել ու դա էկոնոմիկայի նախարարը վերականգնում է համարում։ Այնինչ՝ վերականգնվող տնտեսության ակտիվությունը չէր կարող ավելի ցածր լինել, քան նախորդ ամսին էր։

Բայց այն, ինչ ասում է էկոնոմիկայի նախարարը, պետք չէ շատ զարմանալ։ Առաջին անգամը չէ, որ նա այսպիսի փայլատակումներ է ունենում։ Օրինակներ շատ կան, թեև դրանց այլևս անդրադառնալու իմաստը չկա։

Հոկտեմբերի տնտեսական ակտիվության անկման վրա ազդեցություն է ունեցել տնտեսության այն ճյուղերից մեկը, որն այս տարի եղել է տնտեսական աճի շարժիչ ուժերից։ Խոսքն առևտրի մասին է։

Ներքին առևտրի ծավալը հոկտեմբերին կրճատվել է ու դրա հետևանքով տեղի է ունեցել տնտեսական ակտիվության անկում։ Առևտրի շրջանառությունն այդ ամսին նվազել է 1,9 տոկոսով, ինչը մյուս ոլորտներում տեղի ունեցած անգամ աճերի պայմաններում հանգեցրել է տնտեսական ակտիվության անկման։ Առևտուրը հոկտեմբերին կրճատվել է այն պարագայում, երբ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո մեծ թվով քաղաքացիներ այդ երկրից տեղափոխվեցին Հայաստան։ Եթե դա էլ չլիներ՝ առևտրի անկումը շատ ավելի մեծ ծավալների կհասներ։

Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե առևտուրն ինչպիսի էական ազդեցություն ունի մեր տնտեսության աճի վրա։ Նույնիսկ ծառայության 4,4 և արդյունաբերության 5,2 տոկոսանոց աճը բավարար չի եղել տնտեսական ակտիվության անկումը կասեցնելու համար։

Իսկ այն, որ նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է, ոչ այնքան այս տարվա զարգացումների, որքան անցած տարվա ցածր բազայի հետ է կապված։ Դա տնտեսության վերականգնման հետ կապ չունի։ Նախարարի ասած՝ «սեպտեմբերյան շոկից հետո» տնտեսության ջերմաստիճանը մի բան էլ բարձրացել է։ Տնտեսության զարգացումների առումով հոկտեմբերն ավելի պասիվ է եղել, քան սեպտեմբերը։

Տարեսկզբի 10 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվությունը Հայաստանում այնուհանդերձ շարունակել է բարձր մնալ՝ 14,5 տոկոս։ Ամենաակտիվը կրկին ծառայությունների ոլորտն է, որտեղ աճը հասել է 27,9 տոկոսի։

Հայտնի է, որ ծառայությունների ճյուղում արձանագրվող բարձր աճերը մեծապես կապված են արտաքին պահանջարկի և հատկապես ֆինանսական համակարգում տեղի ունեցող կապիտալի տեղաշարժերի հետ։

Տարեսկզբի 10 ամսում ներքին առևտուրն ավելացել է 15,5 տոկոսով։ Բայց դա հիմնականում մեծածախ առևտրի աճի հետ է կապված։ Մանրածախում աճը հազիվ 2-2,5 տոկոսի սահմաններում է։ Դա էլ գերազանցապես ապրանքների գների համատարած բարձրացման ազդեցությունն է։

Փոխարենը՝ «ծաղկում» է արտաքին առևտուրը՝ ներմուծման-արտահանման հաշվին։ Դրսից շարունակում է մեծ քանակությամբ ապրանքներ ներմուծվել Հայաստան ու արտահանման անվան տակ մատակարարվել այլ երկրներ։ Սրանից թեև մեր տնտեսությունը գրեթե չի շահում, շահում են հիմնականում որոշ անհատներ, բայց այն էական ազդեցություն է թողնում ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ ընդհանրապես տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Այն բարձր աճերը, որոնք գրանցում ենք այս տարի, մեծապես պայմանավորված են նաև սրանով։

Այնտեղ ենք հասել, որ կառավարությունը սկսել է պետական մակարդակով խրախուսել ներմուծման-արտահանման այս արհեստական աճերը։ Օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել հատուկ որոշ ներմուծող-արտահանողների համար՝ պետական բյուջե վճարած հարկերի մի մասը հետ վերադարձնելու համար։

Հիմա, երբ նրանք ապրանքները ներմուծում են Հայաստան, հետո արտահանում այլ երկրներ, մեկ անգամ Հայաստանի սահմանին են հարկ վճարում, մեկ անգամ՝ այն երկրի, որտեղ վերարտահանում են իրականացնում։ Դա ներմուծող-արտահանողի ֆինանսական ռիսկն է և բացարձակ կապ չունի պետության հետ։ Բայց կառավարությունը որոշել է, որ այդ բեռը պետք է կիսի նրա հետ։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսում են վերարտահանվող ապրանքների դեպքում Հայաստանի սահմանին վճարած հարկերի մի մասը հետ վերադարձնել։

Վերադարձի չափերն էլ թողել են կառավարության հայեցողությանը։ Կառավարությունը պիտի որոշի, թե վճարած հարկերի ո՞ր մասն է վերադարձնելու։

Հատկանշական է, որ այս արտոնությունը պարտրաստվում են տալ ոչ թե բոլորին, այլ առանձին ապրանքներ, ասենք՝ ծխախոտ, ներմուծող-արտահանողներին։ Թե դա հատուկ ո՞ւմ համար են անում և պետական բյուջեի միջոցների հաշվին ո՞ւմ բիզնեսն են ուզում խթանել, կերևա հետագայում։

Ներմուծում-արտահանում այս շղթայում արտաքին առևտուրը «ծաղկում» է։ Ապրանքների ներմուծումը Հայաստան, 10 ամիսների տվյալներով, հասել է 6,8 մլրդ դոլարի։ Անցած տարվա 10 ամսին 4,1 միլիարդ էր, տարեկանը՝ 5,3 միլիարդ։

Այս տարվա 10 ամսում նախորդ տարվա տարեկան ցուցանիշն արդեն գերազանցել ենք 1,5 միլիարդով, 10 ամսվանը՝ 2,7 մլրդ դոլարով։ Աճն անցած տարվա նկատմամբ կազմել է ավելի քան 63 տոկոս։

Կա՞ մարդ, ով կարծում է, թե Հայաստանում այս տարի 2,7 մլրդ դոլարով ավելի շատ ներմուծվող ապրանք է սպառվել, քան սպառվել էր անցած տարի։ Դրանք այն ներմուծումներն են, որոնք վերարտահանվել են այլ երկրներ։ Բայց մեծ հաշվով, դա մեր տնտեսության հետ առնչություն չունի. ներմուծման նույնիսկ 2,7 մլրդ դոլար աճի պայմաններում՝ արտահանումն ավելացել է 1,7 միլիարդով։ Այն պարագայում, երբ ներմուծման աճը կապված է եղել հիմնականում վերարտահանումների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս