Ապատեղեկատվության տարածումը՝ մերօրյա լրջագույն խնդիր. մեկնարկեց մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը
Ապատեղեկատվության տարածումը մերօրյա լրջագույն խնդիր. «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամում մեկնարկեց «Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2022» երկօրյա միջոցառումը։
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ ղեկավար Սեդա Մուրադյանը պատմեց, որ ծրագրի գաղափարը առաջացել է դեռևս 2021 թվականին, երբ 2020 թվականին պանդեմիայից և պատերազմից հետո ընթացող զարգացումների ժամանակ ավելի շատ բախվեցին ապատեղեկատվության խնդրի հետ:
«Հասարակության մեջ իրականում ձևավորվեց մեդիագրագիտության նկատմամբ պահանջ: Առանձնահատուկ կարող եմ ընդգծել կրթության ոլորտը, որի ուղղությամբ մեր կազմակերպությունը նույնպես մի շարք ծրագրեր է իրականացնում: Եվ ապատեղեկատվության այդ հոսքերը, ծավալը, վտանգավորությունը, նաև մեդիագրագիտության կարևորությունը հասկանալով՝ մենք որոշեցինք համախմբել այդ հարցի շուրջ բոլոր այն կառույցներին, որոնք աշխատում են այդ ուղղությամբ կամ հետաքրքրված են: Ելնելով իրավիճակից՝ եկավ գաղափար անցկացնել մեդիագրագիտության հեքըթոնը, որի մասնակիցների թիվը գերազանցել է մեր ակնկալիքները. հետաքրքրվածությունը իսկապես շատ մեծ էր»,- ասաց Սեդա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ մասնակից թիմերը 20 ժամվա ընթացքում պետք է մշակեն և ներկայացնեն իրենց գաղափարները, որոնք պետք է ունենան տեխնոլոգիական լուծումներ, քանի որ սա նորարար գաղափարների մրցույթ է, որոնց հիմքում պետք է լինեն տեխնոլոգիական լուծումները: Գաղափարները միտված են լինելու մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը և ապատեղեկատվության տարածման հետևանքով հնարավոր վտանգները նվազեցնելուն:
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի խոսքով՝ այսօրվա թվային աշխարհում դժվար է թերագնահատել մեդիագրագիտության դերը, երբ ապատեղեկատվությունը դարձել է շատ հաճախակի հանդիպող երևույթ:
«Մենք կարծում ենք, որ ազատ, անկախ լրատվությունը կարևորագույն և նշանակալի գործոն է ժողովրդավարության համար: Մենք նաև համոզված ենք, որ միայն մեդիադաշտի ներկայացուցիչները չէ, որ պետք է ներգրավված լինեն ազատ մամուլի ձևավորման գործում: Մեր օրերում, երբ լայնորեն տարածված են նաև սոցիալական հարթակները, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է տարբերակել փաստերը միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունից: Ուստի, այսօրինակ միջոցառումները, ինչպիսին այս հեքըթոնն է, անչափ կարևոր են հասարակության համար, որպեսզի նրանք ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ տեղեկատվությունը տարբերակելու և հասկանալու համար: Միավորելով մեդիադաշտի ակադեմիական շրջանակների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ջանքերը՝ կարծում եմ, որ հնարավոր է շատ գործուն լուծումներ գտնել»,- ասաց Չիփ Լեյթինենը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ընդգծեց, որ իրենց կառույցը, որը պատասխանատու է կառավարության հանրային հաղորդակցության համար, չափազանց կարևորում է մասնավոր ոլորտի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում:
«Այս նախաձեռնությունը այդ համագործակցություններից մեկն է, և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել թիմերի կողմից առաջարկվող այն լուծումների ներդրմանը, որոնք, գուցե, իսկապես շատ կենսունակ լինեն »,- ասաց նա:
Մրցույթի մասնակից Թամարա Մկրտչյանը նշեց, որ, բազմիցս լինելով ապատեղեկատվության զոհ, Ղուկասավանի ՏՏ թիմի 6 անդամով փորձել են իրենց գիտելիքները օգտագործել և լուծել այդ խնդիրը: Նրա խոսքով՝ թիմը կներկայացնի վեբ կայք, որը կլինի խաղաֆիկացված, այն չի հոգնեցնի օտվողներին ու հնարավորություն կտա խաղի միջոցով տարբերել ապատեղեկատվությունը և մի շարք գործիքների շնորհիվ ձեռք բերել տվյալ նյութի մասին ցանկացած տեղեկություն:
Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ կլինի երեք մրցանակակիր: