Արտահանումը Թուրքիա կրկին «սառել է». թուրքական իշխանությունների «բարի կամքն» ընդամենը 2 ամիս տևեց

Հայկական ապրանքները բարձր մաքսատուրքերի կիրառման և այլ խոչընդոտների պատճառով միշտ էլ տեղ չեն ունեցել թուրքական շուկայում։ Սակայն այս տարի մի պահ արտահանման կտրուկ աճ արձանագրվեց, ինչն անկեղծորեն զարմացրեց շատերին։ Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում իրականացվեց դեպի Թուրքիա։

Թվաց, թե իշխանությունների նախաձեռնած խաղաղության օրակարգի շրջանակներում Թուրքիան որոշել է հանել խոչընդոտները և իր դռները լայնորեն բացել է հայկական ապրանքների առաջ։ Հետո պարզվեց, որ այդ աճը եղել է գերազանցապես մեկ ապրանքատեսակի գծով. Թուրքիա էր արտահանվել բավական մեծ քանակությամբ հայկական ոսկի։

Երկու ամսում ավելի քան 47 մլն դոլարի չափով։ Հունիսին արտահանվել էր՝ շուրջ 20 միլիոնի, հուլիսին՝ ավելի քան 27 մլն դոլարի ոսկի։

Արտահանման այսպիսի ցուցանիշներ վերջին տասնամյակներին չէին եղել։ Տպավորություն էր, որ Թուրքիան փոխել է երբեմնի մոտեցումն իր շուկայում հայկական ապրանքների ներկայացվածության առումով։ Թեկուզ և արտահանման աճը վերաբերում էր այնպիսի ապրանքատեսակի, որն արտաքին շուկաներում իրացման որևէ խնդիր չունի։ Եթե դա չլիներ Թուրքիան, առանց դժվարության, կարող էր արտահանվել նաև մեկ այլ երկիր։ Բայց արտահանվել էր հատկապես Թուրքիա։

Սպասումներ կային, որ հետագայում ևս այդ միտումը կպահպանվի, կշարունակվի առնվազն ոսկու արտահանումը։ Բայց այդպես չեղավ. արտահանումը Թուրքիա կրկին «սառել» է։ Հունիս-հուլիսի ակտիվությունից հետո Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալները նորից նվազել են։

Եթե հունիսին արտահանումը կազմել էր շուրջ 20,2 միլիոն, խոսքը ոչ միայն ոսկու, այլև այլ ապրանքների արտահանման մասին է, հուլիսին՝ 27,2 միլիոն, ապա օգոստոսին կազմեց 4,3 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ՝ օգոստոսին արտահանումը Թուրքիա կրճատվեց ավելի քան 6 անգամով։

Սեպտեմբերին ևս արտահանման ծավալները մեծ չեն եղել. Հայաստանից Թուրքիա է արտահանվել 6,4 միլիոնի ապրանք։ Ենթադրվում է, որ կրկին գերակշռողը եղել է ոսկին։

Իսկ թե նախորդ ամիսների համեմատ ինչո՞ւ է կրճատվել նաև ոսկու արտահանումը, կարելի է միայն ենթադրություն անել. թուրքական իշխանությունների ցուցաբերած «բարի կամքը» հավանաբար 2 ամսով ավարտվեց։

Չնայած դրանում մեծ գաղտնիք չկա. այն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բնույթ է կրում։ Տնտեսականի անվան տակ՝ փորձում են առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական շահերը։

Նույն այդ շահերի տիրույթում պետք է դիտարկել նաև Հայաստանից արտահանման այն ակտիվությունը, որը մի պահ արձանագրվեց հայկական ոսկու տեսքով։

Ամեն դեպքում, դրա արդյունքում, այս տարի էական փոփոխություններ են դիտարկվել հայ-թուրքական առևտրային հարաբերություններում, և դա վերաբերում է ոչ միայն ներմուծմանը, այլև արտահանմանը։ Կտրուկ ավելացել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։

Տարեկան կտրվածքով Հայաստանից Թուրքիա արտահանումն անցել է 58 մլն դոլարից։

Հիմնական մասը ոսկին է, բայց դրանով հանդերձ՝ նախկինում երբևէ այդպիսի ցուցանիշ չէր արձանագրվել։

Անցած տարվա 9 ամսում արտահանումը Թուրքիա կես միլիոնից էլ պակաս էր։ Իհարկե, անցած տարի Հայաստանը Թուրքիայի հետ գտնվում էր էմբարգոյի փուլում, բայց դա չէր այդպիսի համեստ արտահանման պատճառը։

Արտահանումը թուրքական շուկայում միշտ էլ գրեթե այդպիսին է եղել, ու դրա հիմնական պատճառն այդ երկրի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական սանկցիաների քաղաքականությունն է։

Թեև Թուրքիան հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, այնուհանդերձ դա երբեք էլ նրա համար խոչընդոտ չի եղել, տարբեր միջոցներով արգելելու հայկական ապրանքների մուտքը իր շուկա, ինչը տեսել ենք արտահանման ցուցանիշներում։

Փոխարենը՝ հայաստանյան շուկան բաց է եղել թուրքական ապրանքների համար։ Փակ սահմանները կամ պաշտոնական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի եղել այդ ճանապարհին։

Այլ երկրների միջոցով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարի թուրքական ապրանք է մտել Հայաստանի շուկա։ Այսօր էլ շարունակում է մտնել։

Անգամ ներմուծման էմբարգոյի շրջանում Թուրքիայից բավական մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ էին ներկրվում Հայաստան. տարեկան գրեթե 80-90 մլն դոլարի կարգի։ Սա՝ միայն պաշտոնապես։ Թե ինչքան էլ բերվում էր այլ երկրների անվան տակ, հայտնի չէ։ Բայց այնպես չէր, որ էմբարգոյի ժամանակ հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս է զգացվել։

Առավել ևս այս տարի չի զգացվում, երբ իշխանություններն իրենց խաղաղասիրական քաղաքականության նկրտումներից ելնելով, որոշեցին վերացնել ներմուծման սահմանափակումները ու հարվածի տակ դրեցին տեղական այն արտադրողներին, ովքեր մի կերպ հարմարվել էին շուկայի նոր կոնյունկտուրային։

Տարեսկզբի 9 ամիսներին Թուրքիայից ավելի քան 170 մլն դոլարի ներմուծում է իրականացվել Հայաստան։

Ներմուծումների ծավալն ամսեամիս ավելացել է։ Սեպտեմբերին այն հասել է գրեթե 27 միլիոնի։ Տարվա առաջին կեսին ամսական 17-18 միլիոնի շրջանակներում էր, աստիճանաբար ակտիվացավ և շուտով հավանաբար կանցնի 30 միլիոնից։

Այս տարի Թուրքիայից ներմուծումները գրեթե 100 մլն դոլարով ավելացել են։ Նախորդ տարի կազմել էին 73 միլիոն, այս տարի՝ 170 միլիոն։

Կասկած չկա, որ մինչև տարեվերջ ներմուծման ծավալները կհասնեն առնվազն 250 մլն դոլարի։

Սա՝ դեռ փակ սահմանների ու պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագայում։ Սահմանների բացումից հետո, որին այդքան ջերմեռանդությամբ գնում են այսօրվա իշխանությունները, դժվար չէ պատկերացնել, թե թուրքական ապրանքների ինչ հարձակում է սկսվելու հայկական շուկայի ու հատկապես տեղական արտադրողների վրա։

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի արտահանումը, նույնիսկ կանխատեսելն է անիմաստ։ Դա ո՛չ մեր տնտեսության ու տնտեսական զարգացումներից, ո՛չ արտահանման պոտենցիալից, և ո՛չ էլ իշխանությունների խաղաղասիրական ձգտումներից է կախված։ Կախված է լինելու Թուքիայի իշխանությունների ցուցաբերած «բարի կամքից». Կուզենան՝ կթողնեն հայկական ապրանքների արտահանումն իրենց շուկա, չեն ուզենա՝ կարգելեն։ Դրա համար որևէ խոչընդոտ չկա, միշտ էլ պատճառաբանություններ կգտնվեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս