Բաժիններ՝

«Թոշակս 2000 դրամով բարձրացրեցին, փոխարենը՝ երեխու 24․000 նպաստը կտրել են»․ դժգոհում է Սոթքի անապահով ընտանիքի հայրը

«Ես չեմ հասկանում, Կառավարությունը ի՞նչ հիմքով է որոշել, որ սահմանամերձ գյուղում բնակվող անապահով ընտանիքի անչափահաս երեխու նպաստը կտրի»,- 168.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։

Արմենն ունի հաշմադամության առաջին կարգ, անվասայլակով է տեղաշարժվում։ Նրա երկու ոտքերը, ինչպես նաև ձախ ձեռքի՝ 2, իսկ աջ ձեռքի՝ 4 մատներն անդամահատված են։ Ավելի քան 18 տարի  նա հաշմանդամության թոշակ է ստանում։

Որպես անապահով ընտանիքի անդամներ՝ նրա երեխաները նպաստ են ստացել։ Ասաց՝ 2 տարի առաջ, երբ աղջկա 18 տարին լրացել է, նրան այլևս նպաստ չեն հատկացրել, ինչն իր համար հասկանալի է, սակայն հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են կտրել 17-ամյա որդու նպաստը․

«Մի 2 օր առաջ նպաստ էին բերել, գնացինք, որ ստանայինք, ասացին՝ չկա։ Երեխեն դեռ 18 տարեկան չկա, մյուս տարի՝ 2023 թվականի օգոստոսին է լրանում 18-ը, ասացին՝ միայն ձերը չի, լիքը մարդկանց նպաստ կտրել են։ Ասել եմ, որ թղթերն ուղարկեն Երևան, իմանան, որ սենց չի կարելի․․․»։

Կարդացեք նաև

Արմենն ասում է՝ չնայած, որ չեն պարզաբանել, թե ինչ հիմքով են կտրել երեխայի նպաստը, կարծում է, որ պատճառն իր թոշակը 2000 դրամով բարձրացնելն է․

«Ես 29.000 դրամ թոշակ էի ստանում, էս վերջում 2000 դրամով բարձրացրեցին՝ 31.000 դրամ են սարքել, փոխարենը՝ երեխու 24.000 դրամ նպաստը կտրել են։ Իմ թոշակով ու երեխու նպաստով մի կերպ էինք ապրում, գոյատևում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա մեր վիճակն ինչ է լինելու։ Այնպես էլ չի, որ եսիմ ինչ ապրուստ ունենք, կովը սատկել է, երինջը սեպտեմբերին՝ թշնամու հարձակման ժամանակ սատկեց, հիմա մնացել է մի փոքր հորթ ու 7 ոչխար։ Ապրուստ չկա, վառելիք չկա, ոչ միայն մեզ, այլև ժողովրդի մեծ մասին վառելիք չկա, ապրուստ չունեն։ Սահմանամերձ գյուղ ենք, թշնամու կրակի տակ, փոխանակ ինչ-որ ձևով օգնեն, հակառակն են անում․․․»։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամին մեծ վնասներ էր հասցրել նաև Սոթք գյուղին, հրետակոծություններից տասնյակ տներ էին ավերվել:  Իսկ ի՞նչ իրավիճակ է գյուղում, հարցրեցինք Արմենին, արդյոք տների նորոգման, բարեկարգման աշխատանքներ ընթանո՞ւմ են։

«Արդեն մի քանի շաբաթ է, որ ավերված տների տանիքները փոխում են, լրիվ նոր տանիքներ են տեղադրում, բայց իմ իմանալով՝ դա իշխանությունները չեն անում, այլ բարերարներից մեկը։ Մեր տանն էլ էին խփել թուրքերը, տանիքն ավերվել էր, այսօր կամ վաղը մեր տանիքն էլ կսարքեն»։

Ինչ վերաբերում է սահմանին, թշնամու կողմից իրականացվող սադրանքներին, Սոթքի բնակիչն ասաց, որ դա իրենց համար սովորական բան է դարձել․

«Կրակոցներն էլի կան՝ դիրքից դիրք, ամեն իրիկուն էլ կա, երեկ իրիկունն էլ կար։ Սենց ապրում ենք, մեր տունն է, թողնենք ո՞ւր գնանք․․․ Երևանում առոք-փառոք կյանք վայելող, պարգևավճարներ ու միլիոններով աշխատավարձեր ստացող պաշտոնյաները թող մի հատ գան մեր գյուղ, էլի, մենք իրենց շատ հարցեր ունենք․․․»։

168.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայություն, որտեղից պարզաբանեցին, թե ինչ սկզբունքով են քաղաքացիները դուրս մնում անապահովության գնահատման համակարգից։

«Եթե քաղաքացու եկամտի մեջ կա փոփոխություն՝ բարձրացում, անկախ նրանից՝ դա կլինի 1000 դրամի, թե 3000 դրամի փոփոխություն, քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից։

Եթե քաղաքացիներն ունեն կարիք, բայց միավորները չի բավականացնում, կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, աշխատակիցները կայցելեն իրենց, կգնահատեն կարիքները, եթե գտնեն, որ քաղաքացին ունի աջակցության կարիք, գուցե հնարավոր լինի իրեն եռամսյակային հրատապ օգնություն նշանակել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը, ապա հավելեց, որ Նախարարությունն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս