Վարձով բնակարանների պահանջարկը մի փոքր նվազել է, բարձր գները, սակայն, պահպանվում են
Մայրաքաղաքի ծայրամասում, կոսմետիկ վերանորոգված, 1970-ական թթ. կահույքով մեկ կամ երկու սենյականոց բնակարանների գինը տատանվում է 150.000-180.000 դրամի սահմաններում, իսկ վերանորոգված բնակարանների գները սկսվում են 200.000-ից՝ հասնելով մինչև 500.000 դրամի: Սրան գումարվում է նաև դեպոզիտը, որը պահանջում է բնակարանատերերի մեծ մասը:
Բնակարանների այս բարձր գները մի շարք անհարմարություններ են պատճառել քաղաքացիներին, շատերն անգամ, այսպես ասած՝ «կիսել» են ընտանիքը. ամուսինը հարազատներից մեկի տանն է տեղավորվում, կինն ու երեխաները՝ մեկ այլ հարազատի:
Անշարժ գույքի գործակալները ստեղծված իրավիճակը խայտառակություն են համարում, ու կարծում են՝ պետությունը պետք է լուծում գտնի:
«Վարձով բնակարանների պահանջարկի առումով շուկան այս պահին այնքան էլ ակտիվ չէ, իսկ վարձակալության գներն ահավոր են: Միակ լուծումն այն է, որ քաղաքացիները, ովքեր վարձով են ապրում՝ նրանց արտոնյալ պսյմաններով հիփոթեք տան: Ինչպես բազմիցս եմ նշել՝ կարող են առաջարկել հիփոթեքային ծրագիր՝ ներառելով այն մարդկանց, ովքեր վերջին 5-10 տարվա ընթացքում Հայաստանից չեն բացակայել, բանակում ծառայել են, ամուսնացած են, երեխա ունեն, մշտական աշխատանք և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը:
Անշարժ գույքի մեկ այլ գործակալ՝ Արմեն Ներսիսյանն էլ ընդգծեց՝ մի շարք երկրներում կա «rent control», այսինքն՝ վարձավճարի առավելագույն չափը վերահսկում են Կառավարությունը կամ տեղական կառավարման մարմինները:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով վարձով տների գների աճին՝ նշել էր, որ այն պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների հոսքով:
«Կտրուկ բարձրացրեցին վարձով տների գները, քանի որ մեծ քանակությամբ գնողունակության պահանջարկ եղավ: Երբ այս հոսքը դադարի, ու ռուսները վերադառնան, տան գները կիջնեն, սակայն վստահաբար նախկին գների մակարդակը չի լինի, քանի որ գոյություն ունի գների արգելակման էֆեկտ։ Այսինքն, շատ արագ բարձրանում են, շատ դանդաղ՝ իջնում: Իսկ իջնելուց էլ նույն մակարդակի վրա չեն իջնում: Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն, բայց մեզ մոտ այս պահին այդ մշակույթը չկա: Բացի այդ՝ կառավարությունն էլ չի փորձում այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր իրականացնել, քանի որ կարծում է՝ որոշակի սոցիալական խմբերի շահերին կհարվածի, սակայն իրականում կան մարդիկ, ովքեր 10-յակ բնակարաններ ունեն և վարձով են տալիս: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է թացը չորից զատի, և այն խոշոր տնտեսվարողներին, ովքեր 5-ից ավելի բնակարաններ ունեն, նրանց բերի հարկման դաշտ»,- ասել էր տնտեսագետը:
Հավելենք, որ Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն էր տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ զեկուցել էր, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին:
Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի ի սկզբանե դրված նպատակներին:
Նախարարը նշել էր, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Նա հայտնել էր, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։
«Օրինակ, մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է ու իր անշարժ գույքը տալիս է վարձակալության, պահանջել, որ չհարկվեն բնակարանի դիմաց ստացած եկամուտները, որովհետև իր կարգավիճակը հայտարարված է՝ որպես միկրոձեռնարկատիրության կարգավիճակ, այն դեպքում, երբ քաղաքացին, ով բնակարան է հանձնում վարձակալության, պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքեր են ի հայտ եկել, որտեղ մենք ունենք նախապես ենթադրվող տրամաբանական շրջանակից շեղումներ, և այս փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակել սողանցքները: Առաջարկում ենք սահմանել, որ եթե անձն ունի պասիվ եկամուտներ, օրինակ՝ գույքի վարձակալությունից եկամուտներ, միկրոձեռնարկատիրության կարգավիճակը թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից: Այսինքն, միայն այդ կարգավիճակն ընտրելու ուժով քաղաքացին չի կարող ակնկալել, որ եկամտային հարկից ազատում կունենա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: