Անպայման ինչ-որ մեկի շահերի՞ց պետք է բխի, որ նոր շարժվեն, որևէ ծրագրային փաթեթ ներկայացնեն. վարձով բնակվող քաղաքացիները մտածում են ճանապարհ փակել
Վարձով բնակարան գտնելը դարձել է կյանքի ընկերոջը փնտրելու նման մի բան: Ման ես գալիս ու այդպես էլ չես գտնում: Քաղաքացիներն ասում են՝ արդեն վախենում են գրել, որ 100.000 դրամը չգերազանցող բնակարան են փնտրում:
«Շատերը սա արդեն երազանք են համարում: Չգիտեմ, գուցե հավաքվենք ու ճանապա՞րհ փակենք, որ մեզ լսեն: Պետք է ի վերջո պայմաններ ստեղծեն, որ մարդն իր հողում կարողանա բնակարան ձեռք բերել: Աբսուրդ է, այն օրի ենք հասել, որ 20 քմ բնակարանն են 80.000 դրամով վարձով տալիս: Ինչպե՞ս են մտածում, չես հասկանում: Իրենց թվում է՝ մարդն ամիսը 300.000-500.000 դրամ ստանար՝ վարձով էր ապրելո՞ւ: Չեմ հասկանում, երբ են որևէ քայլ ձեռնարկելու: Անպայման ինչ-որ մեկի շահերի՞ց պետք է բխի, որ նոր շարժվեն, որևէ ծրագրային փաթեթ ներկայացնեն: Հասարակ քաղաքացու մասին մտածող չկա՞»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովն էլ փոխանցեց, որ շատ մարդ է եկել Հայաստան, բնակարանների մեծ մասը վարձակալված է, և սա է բարձր գների պատճառներից մեկը:
«Երևանում բարդ է 200.000 դրամից ցածր գնով և միջին պայմաններով բնակարան վարձակալելը: Իսկ վաճառքի շուկայում եթե դոլարով ենք նայում, ապա գները բարձրացել են, բայց եթե դրամով ենք նայում, ապա շատ քիչ է բարձրացել»,- նշեց Անդրանիկ Հարությունովը:
Ինչ վերաբերում է պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ վերջինը նշեց, որ այդ ուղղությամբ դեռևս լուրջ քայլ չկա:
«Քաղաքացիների զգալի հատվածը բարդությունների առջև է կանգնած: Սեփականատերը կարող է գալ, 1-2 ամիս ժամանակ տալ, որպեսզի դուրս գան, կամ վարձը բարձրացնում է, այդ գնով թող վճարեն: Այստեղ պետությունը պետք է մեկ բան մտածի. այն քաղաքացիները, ովքեր վարձով են բնակվում, նրանց համար հարմար տարբերակ գտնեն և օգնեն բնակարան գնել: Օրինակ, այդ ծրագրում կարող են ներառել այն մարդկանց, ովքեր վերջին 5-10 տարվա ընթացքում Հայաստանից չեն բացակայել, բանակում ծառայել են, ամուսնացած են, երեխա ունեն, մշտական աշխատանք և այլն»,- ընդգծեց անշարժ գույքի գործակալը:
Հավելենք, որ Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին:
Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի ի սկզբանե դրված նպատակներին:
Նախարարը նշել է, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Նա հայտնել է, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։ «Օրինակ, մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է, ու իր անշարժ գույքը տալ վարձակալության, պահանջել, որ չհարկվեն բնակարանի դիմաց ստացած եկամուտները, որովհետև իր կարգավիճակը հայտարարված է՝ որպես միկրոձեռնարկատիրության կարգավիճակ, այն դեպքում, երբ քաղաքացին, ով բնակարան է հանձնում վարձակալության, պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքեր են ի հայտ եկել, որտեղ մենք ունենք նախապես ենթադրվող տրամաբանական շրջանակից շեղումներ, և այս փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակել սողանցքները: Առաջարկում ենք սահմանել, որ եթե անձն ունի պասիվ եկամուտներ, օրինակ՝ գույքի վարձակալությունից եկամուտներ, միկրոձեռնարկատիրության կարգավիճակը թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից: Այսինքն, միայն այդ կարգավիճակն ընտրելու ուժով քաղաքացին չի կարող ակնկալել, որ եկամտային հարկից ազատում կունենա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։