Ո՞վ է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված Սևան Քոչարյանը. Դանիելյանը մանրամասնում է
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բերելու է նոր արհավիրքներ, նոր պատերազմական գործողություններ:
«Եթե մենք ժամանակին մտածում էինք, որ հասարակության հետ խոսելով՝ պետք է մանրամասնել, ներկայացնել, թե Նիկոլ Փաշինյանի քայլերը ինչի կբերեն, այսօր Նիկոլ Փաշինյանի քայլերն արդեն իսկ բերել են միջազգային ասպարեզում ՀՀ տապալման: Նիկոլ Փաշինյանը ուզում է Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելով՝ թելել Արևմուտքի թելը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանական շրջանակների կողմից տարածվում է տեղեկատվություն, թե Փաշինյանը լուրջ դիվանագիտական քայլ է արել՝ չստորագրելով ՀԱՊԿ հռչակագիրը, այնինչ իրականությունն այն է, որ Փաշինյանի պատճառով ՀԱՊԿ-ը չի ընդունել որոշ կետեր, որոնք կարձանագրեին, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել. «2016թ. հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է հայանպաստ հայտարարություն: Խնդիրը, փաստորեն, բանակցողի մեջ է, ոչ թե երկրի: Ռուսաստանի և Բելառուսի նախագահները նույնն են, փոխվել է Հայաստանի ղեկավարը, այսինքն՝ արդեն հստակ է, որ դա վերաբերմունք է ղեկավարի նկատմամբ, ոչ թե՝ երկրի: Խնդիրը Փաշինյանի մեջ է. նա է բերել հասցրել այն կետին, որ այն միությունը, որի մեջ գտնվում է Հայաստանը, չի արձագանքում այնպես, որ ավելի լավ կարելի լիներ համարել ՀՀ-ի համար»:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ Փաշինյանը տարբեր երկրների հետ պայմանավորվածության է գնում՝ իշխանությունը մի փոքր երկարացնելու համար. «Այդ ընթացքում անում է քայլեր, որոնք վնասում են մեր երկրին, մեր պետականությանը: Փաշինյանի խոսքերը, որ՝ եկել է խաղաղության դարաշրջան, մենք հստակ տեսել ենք, որ նա խաղաղության քողի տակ հանձնեց Արցախի 75 տոկոսը, սանձազերծեց լուրջ պատերազմ, որտեղ մենք ունեցանք կործանարար հետևանքներ, ցեղասպանության նման մի սերնդի կորուստ, այսօր գնում ենք այդ նույն ճանապարհով: Ասացվածք կա, որ չի կարելի ցեխից պահանջել, որ էլ ցեխ չլինի. Այդ մարդը ինչ-որ կեցվածք ունի, որով ներկայանում է: Այսինքն՝ մենք ուզում ենք մարդու մեջ փոխել իր այդ կեցվածքը, որը չի ստացվի, պետք է փոխվի բանակցողը: Այսինքն՝ պետք է մարդն առաջնահերթ մտածի այն բանի մասին, թե ինչ է երկրին տալիս, ոչ թե՝ երկրի հաշվին ինչ է ինքը շահում»:
Ըստ նրա՝ գործող իշխանությունները պրոհայկական չեն՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների.
«Նիկոլ Փաշինյանի հրահանգով են հակառուսական ակցիաներ եղել, որպեսզի նա ցույց տա, թե ժողովուրդը չի ուզում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենա, ասի՝ ժողովուրդն է անում, ես ի՞նչ կապ ունեմ, ես պրոռուսական մարդ եմ: Բայց ՌԴ-ն շատ լավ գիտի, որ այդ մարդիկ Փաշինյանի խոսափողներն են, նրանք են խոսում այն մասին, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, որ ՌԴ ռազմաբազան հանենք Հայաստանից, իսկ ի՞նչ այլընտրանք են առաջարկում: Լավ, ՀԱՊԿ-ը լավագույն տարբերակը չէ, իսկ ո՞րն է լավագույն տարբերակը: Եթե դու չես ուզում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակել, ի՞նչ այլընտրանք ես առաջարկում: Ի՞նչ է Փաշինյանն ակնկալում ՀԱՊԿ-ից, այսինքն՝ եթե դու փորձում ես ժողովրդի վրա ծախես այն, որ չես ստորագրել, ժողովուրդը քեզ հարց է տալիս՝ դու ո՞ւմ ես պետք, դու պետք էիր, որ կարողանայիր այնպես անել, որ այդ կետերը լինեին այդ հայտարարության մեջ, ոչ թե՝ ուրախանայիր, որ չկան, ու ուրախացնեիր, որ չես ստորագրել: Դու նրա համար ես երկիր ներկայացնում, որ կարողանաս այնպես անել, որ այդ կետերը լինեն այնտեղ»:
Նա շեշտեց՝ Ալիևի և Փաշինյանի հռետորաբանությունը շատ անգամ իրար նման են. «Ալիևն ու Նիկոլը շատ անգամ դժգոհում են Հայաստանի ընդդիմությունից, խոսում են Հայաստանի նախկին իշխանությունների մասին, օրինակ՝ այսօր Ադրբեջանի նախագահը հոխորտում էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Նիկոլ Փաշինյանը անազնիվ մոտեցումներ ունի ՌԴ նկատմամբ, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ նա այսպես չէր խոսում: Երբ ՌԴ նախագահի միջնորդությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները՝ ՀՀ իշխանությունները այս հռետորաբանությամբ չէին խոսում:
Ես առաջնային եմ համարում, որ ՀՀ իշխանությունները կարողանան երկրի շահը ներկայացնել, այսինքն՝ ոչ թե լինեն պրոռուսական, պրոարևմտյան, այլ լինեն պրոհայկական: Իրենք կարողանում են միայն ֆեյք քրեական գործեր սարքել՝ ընդդիմախոսների նկատմամբ, հետո այդ գործերով խայտառակ լինել: Այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը՝ աբսուրդային գործի շրջանակներում:
Ուզում եմ մեր հանրությանը ներկայացնել Սևան Քոչարյանին՝ այդ գործով վկային, որը մի օր խուլ էր, մի օր երկրում չէր, մի օր լավ չէր տեսնում, ամիսներ հետո նա հայտնվեց և եկավ որպես վկա, որովհետև նրա վկայության հիման վրա է քրեական գործ հարուցվել:
Փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ հանրությանը ցույց տվեց և մանրամասն ներկայացրեց վկայի ով լինելը, որ նա գցող, խաբեբա, տարբեր չիրականացված գործարքների մասնակից է, մոտ 10 մլն դոլար պետությանը փող չի տվել, որովհետև տենդերներ է շահել, բայց դրանք չի իրականացրել: Նրա տունը, որ պետք է պետությունը առգրավեր 2019թ., մեկ էլ տեսնում ես, որ նախագահի դեմ ցուցմունքից հետո չի առգրավվում այդ տունը: Այսինքն՝ դա հստակ, շինծու, ապօրինի գործ է, որը լրիվ ֆեյք է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում