Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ահազանգում է՝ Հայաստանի Կառավարությունը որքան էլ պնդի, որ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ քաղաքացիների վրա հարկային բեռը չի ավելանալու, իրականում այդ հարկային բեռն ավելանալու է, պարզապես ոչ թե ներդրման պահին, այլ մի փոքր ժամանակ անց։

Սարգսյանն այս տեսակետը հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ շեշտելով, որ Կառավարությունն ընդունել է քաղաքացիների համար պարտադիր համատարած հայտարարագրմանն անցնելու մասին մի նախագիծ, որի հիմնավորման մեջ բացակայում է նման քայլի գնալու պատճառը։

«Այդ դեպքում հարց է առաջանում, եթե նպատակը չեք գրել, թոշակառուի և գյուղում հացը մի կերպ վաստակող մեր քաղաքացու ունեցածը հայտարարագրելն ի՞նչ է տալու պետությանը և ի՞նչ է տալու այդ թոշակառուին և գյուղացուն. ակնհայտ է, որ գյուղացուն և թոշակառուին տալու է ծախս, իսկ պետության հեռահար նպատակը մարդկանց վրա հավելյալ ծախսեր դնելն է»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ տարօրինակ է, որ պետությունը չի զբաղվում մարդկանց եկամուտների թերհայտարարագրմամբ, բայց ցանկանում է անցնել համատարած եկամուտների հայտարարագրման։

«Ի դեպ՝ բացարձակ սուտ և կեղծիք է, որ իշխանությունը համատարած հայտարարագրման է անցնում, որպեսզի իմանա, թե պետության քաղաքացին ի՞նչ եկամուտ ունի, որովհետև այդ տեղեկատվությունը շատ հեշտ կարելի է ստանալ՝ համագործակցելով ցանկացած քաղաքապետարանի և սոցապծառայության հետ, ուստի ցանկանում եմ հատուկ հայտարարություն անել մեր քաղաքացիների համար. հարգելի՛ քաղաքացիներ, անհանգստացե՛ք համատարած հայտարարագրման համար, որովհետև դրանց անցնելը ձեզ համար հավելյալ ծախս է ծնելու։ Ակնհայտ է, որ սովորական քաղաքացին չի՛ կարող իր համար հաշվապահական հաշվառում անել և պետք է գումար վճարի, որ իր համար դա անեն, որովհետև հայտարարագիր չներկայացնելու դեպքում 50 հազար դրամ տուգանք պետք է վճարի։ Դրանից բացի՝ պետք է քաղաքացին հայտարարագրի անգամ իր ստացած ամանորյա նվերները, իսկ եթե դա չարեց, դա դառնալու է իշխանության ձեռքում գործիք, որ քաղաքացուն կանչեն տուգանային հրապարակ։ Ինձ համար անհասկանալի է նաև մեկ այլ բան՝ երբ այսօր հարկային մարմինները չեն կարողանում իր գույքը վարձով տվողին բերեն հարկային դաշտ, ինչպես են դա անելու եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում, չէ՞ որ դրա մեխանիզմը չունեն, որովհետև իր գույքը վարձով տվող մարդը քաղաքացու հետ կարող է կնքել պայմանագիր՝ անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման մասին, և սա հարկային մարմինները, անհասկանալի է, թե ինչպես են բացահայտելու»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ այսքան խնդիրներից զատ, նաև ֆիզիկական անձանց բանկային գաղտնիքն է հասանելի դառնալու հարկային մարմիններին։

Կարդացեք նաև

Հայաստանի աուդիտորների պալատի նախագահը չբացառեց նաև, որ Հայաստանի Կառավարության այս պարտադրանքը պայմանավորված է վերցրած գրանտային ծրագրերի պարտավորությամբ։

«Գրանտի դիմաց պարտադրում են ՀՀ բոլոր քաղաքացիներին հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ համատարած հայտարարագրմանն անցնելու դեպքում բիզնեսմեններն իրենց փողը երկրից պարզապես կհանեն դուրս։

 «Բիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր, իսկ դրսից Հայաստանի Կառավարությունը սկսելու է պարտք մուրալ»։

Աուդիտորների պալատի նախագահն ամեն գնով բոլորին հարկելու համատեքստում հատուկ ուշադրություն հրավիրեց Կառավարության այն օրենսդրական փոփոխությանը, որով այսուհետև կհարկվեն մինչև 24 միլիոն դրամի առևտրաշրջանառություն իրականացնող արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք մինչև հիմա ազատված էին հարկից, բայց փոխարենը՝ առևտուրը չի հարկվի։

«Միկրոարտադրական կազմակերպությունները լուրջ սոցիալական խնդիրներ էին լուծում և կարողանում էին նաև գների կայունության վրա ազդեցություն թողնել, իսկ հիմա Կառավարությունը փոքր արտադրությամբ զբաղվողներին հարկում է, առևտուր անողին՝ ոչ։ Արտադրությունը տնտեսության թիվ մեկ հենասյունն է, իսկ առևտրի ուղին ընտրած երկրները դառնում են այլ երկրների համար սպասարկու երկիր, իսկ երբ Հայաստանի փոքր արտադրողներին հարկում են, ինչը կբերի դրանց փակման, իսկ առևտուրը՝ ոչ, և զուգահեռ բացում են Թուրքիայի հետ սահմանը, պարզ է դառնում, որ նման քայլի նպատակը Հայաստանը սպասարկու երկիր դարձնելն է, ու այստեղ է, որ հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանում ծնվածը կարող է Հայաստանի նկատմամբ այսքան թշնամանք ունենալ, լա՛վ, մարդն այս երկիրն այն աստիճան պետք է չսիրի, որ մուրճը վերցրած քանդելով գնա առաջ»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս