
Հռոմի պապը հուսով է, որ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կօգնի ամրապնդել ժողովուրդների միջև եղբայրությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած հանրային ունկնդրության ժամանակ ողջունել է Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից մարզիկներին և հույս է հայտնել, որ մրցաշարը կօգնի ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության ամրապնդմանը: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Ես կցանկանայի ողջունել խաղացողներին, մարզասերներին և հանդիսականներին, որոնք տարբեր մայրցամաքներից հետևում են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Թող այդ կարևոր իրադարձությունն օգնի ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության ամրապնդմանը», – ասել է Ֆրանցիսկոսը:
«Աղոթենք հանուն խաղաղության ամբողջ աշխարհում և հանուն հակամարտությունների ավարտի», – ասել է Հռոմի պապը: Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը: Կատարը դարձել է առաջին արաբական երկիրը, որն իրավունք է ստացել անցկացնելու աշխարհի առաջնությունը: Շուրջ 2,5 միլիոն բնակչությամբ պետությունում մրցաշարի ժամանակ սպասում են մոտ 1,5 միլիոն մարզասերների ժամանման: