«Միջադեպ տեղի ունեցել է, բայց ցավում եմ, որ ինֆորմացիան որոշակի խեղաթյուրված է ներկայացվում». Հակոբ Հակոբյան

Երեկ Արցախի Հանրապետության «Միասնական հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի նկատմամբ բռնություն է  գործադրվել։

«Նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների հասցեին, որից հետո  հարվածներ են հասցրել միմյանց։

Այնուհետև պատգամավոր Ա․ Գրիգորյանին զանգահարել և զրուցելու պատրվակով «Արմենիա» հյուրանոցի սրճարան է հրավիրել վերոնշյալ միջադեպի ժամանակ պատգամավոր Դ․ Գալստյանին ուղեկցող «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ Ա․ Գրիգորյանի և Հ․ Հակոբյանի՝ մի քանի րոպե տևած զրույցն ընդհատվել է  պատգամավոր Դ․ Գալստյանի և նրան ուղեկցող մի քանի անձանց կողմից Ա․ Գրիգորյանի վրա թիկունքից հարձակմամբ։ Արդյունքում երրորդ կողմի ներգրավմամբ կանխամտածված բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Ա․ Գրիգորյանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am«Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ է տեղի ունեցել։

Կարդացեք նաև

Հակոբ Հակոբյանը հակիրճ ասաց, որ այս թեմայի վերաբերյալ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ իրավապահները հարցով զբաղվում են։

«Միջադեպ տեղի ունեցել է, բայց ցավում եմ, որ ինֆորմացիան որոշակի խեղաթյուրված է ներկայացվում։ Մենք ողջունում ենք իրենց պահանջը, որպեսզի ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծվի և այդ հարցը քննվի։

Միևնույն ժամանակ իրավապահները նույնպես զբաղվում են այդ հարցով, կարծում եմ՝ նրանք կբացահայտեն բոլոր մանրամասները»,- նշեց հակոբ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս