Համաշխարհային հանրությունը ճգնաժամի մեջ է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Համաշխարհային հանրությունը ճգնաժամ է ապրում հակամարտությունների, գլոբալ անհավասարության աճի, ապատեղեկատվության և ատելություն սերմենալուն ուղղված հռետորաբանության տարածման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերեշը՝ Մարոկկոյի Ֆես քաղաքում ելույթ ունենալով Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ համաժողովում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Եթե մենք այսօր նայենք երկրագնդին, ապա կտեսնենք, որ աշխարհը գտնվում է ճգնաժամի մեջ: Երկպառակության և ատելության ուժերը պարարտ հող են գտել անարդարացիության և հակամարտությունների մեջ: Մեծանում են անջրպետները հարուստների և աղքատների միջև, գլոբալ Հյուսիսի և գլոբալ Հարավի միջև, զարգացած երկրների և զարգացող տնտեսությունների միջև: Լարվածությունը՝ աշխարհաքաղաքական, սոցիալական և տնտեսական, աճում է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերեշը նշել է, որ հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայում, ավերում են երկրների կյանքն ու բարեկեցությունը:
«Ճգնաժամը, կապված ապրուստի արժեքի թանկացման հետ, ամենից ծանր հարվածել է ամենախոցելիներին: Միմյանց նկատմամբ և քաղաքական առաջնորդների նկատմամբ վստահությունը խարխլվել է», – հավելել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է մարդու իրավունքների ապահովման, ապատեղեկատվության տարածման, ատելության հռետորաբանության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրները:
«Հին չարիքը՝ հակասեմիտիզմը, ատելությունը մուսուլմանների նկատմամբ, քրիստոնյաների հալածանքը, այլատյացությունը և ռասիզմը, նոր թափ է ստանում»,- նշել է նա: Գուտերեշը նաև ուշադություն է հրավիրել կլիմայի փոփոխության հարուցած խնդիրների վրա:
«Կլիման ավելի ու ավելի արագ է շարժվում դեպի այն նշագիծը, երբ փոփոխությունները կլինեն անդառնալի: Դա ակնհայտ և ողբերգական արդյունքն է այն բանի, որ մենք չենք կարողանում աշխատել միասին՝ հանուն ընդհանուր բարեկեցության», – հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: