Հիվանդությունների բուժման դժվարությունը պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության, իմունիտետի անկմամբ. Մասնագետները՝ հակաբիոտիկների վնասների մասին
Մեկնարկում է հակամանրէային դեղերի կայունության դեմ իրազեկման համաշխարհային շաբաթը: Այդ առիթով այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ներկայում համաշխարհային առողջապահության համար լրջագույն խնդիր է հանդիսանում հակամանրէային դեղերի հանդեպ կայունության զարգացումը, որի կանխարգելման հարցը պահանջում է համատեղ աշխատանք պետական բոլոր մակարդակներում, ինչպես նաև հանրության ակտիվ մասնակցությունը:
«Հակամանրէային դեղերը, մասնավորապես՝ հակաբիոտիկները, չեն հանդիսանում կանխարգելիչ, վիրուսների դեմ պայքարող դեղեր: Հակաբակտերիալ բուժումը նշանակվում է, եթե ունենաք բակտերիալ ծագման ինֆեկցիա: Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների՝ հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունն արդեն միայն սպառնալիք չի հանդիսանում ապագա սերնդի համար: Արդեն իսկ սպառնալիք է բոլոր երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար: Կանխատեսմամբ ենթադրվում է, որ 2050 թվականին կլինի 10 միլիոն մահ՝ պայմանավորված հակամանրէային դեղերի հանդեպ կայունությամբ: Հետևաբար՝ պետք է լսել բժշկի հրահանգները, չկառավարել ինքնուրույն: Բոլոր վիրուսային ինֆեկցիաների դեպքում երբ ունենում ենք ջերմության բարձրացում՝ հիշենք, որ անտիբիոտիկը չի հանդիսանում ջերմիջեցնող: Հակաբակտերիալ թերապիան ոչ մի դեպքում չի կանխարգելում զարգացող բակտերիալ ինֆեկցիան, չի կարող լավացնել վիրուսային ինֆեկցիայի ընթացքը»,- նշեց Լիլիթ Ավետիսյանը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ շեշտեց, որ սա գլոբալ խնդիր է, և եթե 20-րդ դարի սկզբին հակաբիոտիկների ստեղծումը նպաստել է բակտերիալ վարակների բուժման արդյունավետության բարձրացմանը և բերել կյանքի տևողության երկարացմանը, ապա այսօր այդ ձեռքբերումը կորցնելու խնդիր են մասնագետները տեսնում:
«Հիվանդությունները լինում են տարբեր և կարող են պայմանավորված լինել վիրուսներով, բակտերիաներով, սնկերով, և իրենցից յուրաքանչյուրն ունի բուժման իր մոտեցումը: Վիրուսով պայմանավորված հիվանդությունները անհրաժեշտության դեպքում բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով, իսկ բակտերիալ վարակները հաստատման պարագայում բուժվում են հակաբակտերիալ դեղամիջոցներով: Իսկ կայունության զարգացումը շատ մեծ վտանգ ու ռիսկ է՝ այն բարդացնում է հիվանդությունների ընթացքը, երկարացնում բուժման տևողությունը: Ուզում եմ առանձնացնել խնդիրներից մեկը. դա քաղաքացիների կողմից ինքնաբուժությամբ զբաղվելն է: Ունենալով սուր շնչառական վարակի ախտանշաններ՝ քաղաքացին դիմում է դեղատնային օղակ, ձեռք է բերում հակաբակտերիալ դեղամիջոց, խմում է ոչ ճիշտ դեղաչափով և կլինիկական ախտանիշներն անցնելուց հետո դադարեցնում է խմելը՝ 1-2 օրվա ընթացքում: Ի՞նչ է զարգանում: Հարուցիչը, որը կրում էր նա, շատ արագ ձեռք է բերում կայունություն՝ տվյալ հակաբիոտիկի նկատմամբ, վարակելիության տևողությունն է երկարում և այդ քաղաքացին իր ընտանիքի անդամներին, շրջապատին վարակում է տվյալ անտիբիոտիկի նկատմամբ կայուն հարուցիչով: Միայն սա պատկերացնելը նշանակում է՝ բարձրացնել զգոնությունը»,- հավելեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը:
168.am-ի հարցին՝ ո՞ր հիվանդությունների դեպքում է նշանակվում հակաբիոտիկ դեղամիջոց, արդյո՞ք հակաբիոտիկները բուժում են վիրուսներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները, Նաիրա Ստեփանյանը շեշտեց՝ բակտերիաներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում են հակաբակտերիալ դեղամիջոցներով՝ հաստատումից հետո, իսկ վիրուսներով հարուցված հիվանդությունները հակաբակտերիալ դեղամիջոցներով բուժման ենթակա չեն:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը նաև ընդգծեց՝ բակտերիալ հիվանդությունների մեծ մասը բուժվում է մեկ հակաբիոտիկով:
Իսկ մնացած հակաբիոտիկները ոչնչացնում են օրգանիզմում առկա բոլոր բակտերիաները, այդ թվում՝ նաև օրգանիզմին անհրաժեշտ բակտերիաները, որոնք ապահովում են օրգանիզմի առողջությունը, իմունիտետը:
Մեր հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ հակաբիոտիկների շատ օգտագործման պատճառով հետագայում լուրջ հիվանդությունները դժվար են բուժվում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը դրական պատասխան տալով՝ նկատեց. «Հիվանդությունների բուժման դժվարությունը պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության, իմունիտետի անկմամբ, որը հանգեցնում է կրկնակի կայուն վարակներով հիվանդանալուն: Իմունոդեֆիցիտը բերում է օրգան-համակարգի շատ այլ հիվանդությունների, որոնք դժվար են բուժման ենթարկվում»:
Դեղագետ, «MedProgress» առողջապահական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տաթևիկ Խաչատրյանն էլ անդրադարձավ հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելուն՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունը, մի քանի տարի է, ինչ աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի բաց թողնվեն դեղատոմսով, սակայն սա բավականին ռեսուրսատար է: