
Մեկնարկում է պետական ավարտական և բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (1-ին փուլ) հունվարի հայտագրման գործընթացը:
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին է ուղարկում դեկտեմբերի 15-30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: