Շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ Կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով ՀՀ Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար է հատկացվել շախմատի դպրոցին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:
«Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում և գրավեց երկրորդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին և խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ և համակարգիչներ: Շատ վաղուց էլեկտրոնային ժամացույցներ ձեռք չէին բերվել, իսկ առանց ժամացույցի շախմատ չեն խաղում: Դրա հետ մեկտեղ՝ ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, որպեսզի մեր շախմատիստները կարողանան իրենց վերլուծությունները հնարավորինս կարճ ժամկետում կատարել: Դրանք շատ կօգնեն, որպեսզի շախմատիստները կարողանան բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը, մարզավիճակը և նորանոր հաղթանակներ գրանցեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Ներկայում շախմատային վերլուծություններն արվում են հզոր սերվերների միջոցով, որոնք հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում մոնիտորինգի դիտարկման արդյունքներ և ամփոփ տվյալներ են գեներացնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հայ շախմատիստներն այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն.
«Հայաստանի Կառավարությունը հոգացել է, որ այդ բավական թանկ հաճույքից ևս մեր ամենաուժեղ շախմատիստներն օգտվեն: Այսպիսով մեր ուժեղագույններն արդեն ժամանակի խնդիր չեն ունենա, կկարողանան ամենակարճ ժամկետներում կատարել իրենց տնային աշխատանքը և կազմ ու պատրաստ ներկայանալ մրցումներին»:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանի խոսքով՝ նախատեսվում է ձեռք բերվող 10 համակարգիչներից 3-ը լինեն գերհզոր.
«Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն և կնախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները»,- նշել է Հրաչիկ Թավադյանը և հավելել, որ այս տարի 125 երեխա է ընդունվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ժամացույցներին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասել է՝ դրանք պետք է հաստատված լինեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից, հակառակ դեպքում ՖԻԴԵ-ն կարող է չճանաչել այն մրցաշարերի արդյունքները, որոնք անցկացվել են իրենց կողմից չհաստատված ժամացույցներով:
«Վերջին ժամացույցները՝ շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաև օնլայն տախտակներ և 100 հատ շախմատ էր ներառված»,- պատմել է Թավադյանը:
Նրա գնահատմամբ՝ այս տարվա ընթացքում պատանի, երիտասարդ և մեծահասակ շախմատիստները գոհացնող արդյունքներ են գրանցել.
«Տղամարդկանց մեծահասակների հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում այս տարի հավասար միավորներով զբաղեցրեց երկրորդ տեղը, Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները, մեր մարզադպրոցի սանը՝ Մարիամ Մկրտչյանը, դարձավ աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն, մյուս սանն էլ երրորդ տեղը գրավեց: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքներն իսկապես գոհացնող են, բայց, անկասկած, նոր համակարգիչների ու էլեկտրոնային ժամացույցների ձեռքբերման ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ու անպայմանորեն նպաստելու է էլ ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սպորտի ոլորտում ՀՀ Կառավարության կատարած ներդրումները միանգամայն արդարացված են և պետք է շարունակական լինեն.
«Երբ գումար է տրամադրվում և կա արդյունք, մոտեցումն անպայման պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն ավելանան: Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել սպորտային ծախսերի գրեթե ամբողջ մասը: Ինչպես տեսնում եք, արդյունքները տեսանելի են: Իհարկե, կան հատուկենտ մարդիկ, կազմակերպություններ, որոնք սիրում են սպորտն ու հովանավորում, աջակցում են հայկական սպորտին, որը շատ շնորհակալ և կարևոր գործ է: Ես անչափ շնորհակալ եմ նման մարդկանց, բայց դա տարերային և ոչ համակարգված բնույթ ունեցող գործընթաց է:
Ոլորտի հիմնական խնդիրների նկատմամբ ամենակարևորը պետական հոգածությունն է, որը կա»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը: