«Մեզ թվում է՝ մենք ենք երկրին պահում, ոչ՝ երկիրը, ժողովուրդը, աշխատողներն են մեզ պահում». Գուրեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքով՝ ավելի լավ է 2023 թվականի բյուջեն լինի հիասթափված կառավարության, այլ ոչ թե հիասթափված հասարակության բյուջե։

«Ինչքան ուզում է՝ թող կառավարությունը հիասթափվի, իր գործն է։ Ուզում եմ ասել, որ բյուջեի ներկայացումը կամ առկայությունը չպետք է ներկայացվի հասարակությանը՝ որպես եսիմինչ մեծ հաջողություն։ Մեր առօրյա կյանքն է, այդ կյանքում պայմանները փոխվում են, արդյունավետ կառավարությունները կարողանում ենք ասենք այն պայմանները, որ լավացել են՝ արդյունք քաղեն, անարդյունավետներն էլ չգիտեմ ինչ են քաղում։ Երկիր մոլորակում շատ կառավարություններ կան, որ մեզանից շատ ավելի արդյունավետ են, բայց չեն ներկայացնում իրենց բյուջեն հասարակությանը՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Մեր մոլորություններից մեկն էլ այն է, որ մեզ թվում է, թե մենք ենք երկրին պահում, ոչ՝ երկիրն է մեզ պահում, ժողովուրդը, աշխատողներն են մեզ պահում։ Ես նկատողություն չեմ անում՝ «պրոստո» կիսվում եմ իմ մտքերով»,- նշեց Գուրգեն Արսենյանը։

Ըստ իշխանական պատգամավորի՝ 2023 թվականի բյուջեի կարևոր թիրախներից մեկը, որն ինքը կցանկանար տեսնել, բայց չկա՝  Հայաստանի ժողովրդագրական վիճակն է։

«Մենք վերածվել ենք ծերացող հասարակության և ոչ մի ակտիվ գործողություն չենք իրականացնում, որպեսզի խթանենք երկրում մանկածնությունը։ Մենք բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ ենք կառուցում և մոռանում ենք նրա մասին, որ դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաներ պետք է լինեն, որ հաճախեն։ Կրթության նախարարը նստած է, նա գիտի, թե քանի երեխա է դպրոց գնում և իրականում ինչքան պետք է գնար, չկան այդ երեխաները։ Մենք ամեն ինչ պետք է անենք՝ որպեսզի Հայաստանում մարդ ծնվի, եթե Հայաստանում մարդ չեղավ,  մանուկների ծնելիությունը չավելացավ, ապա որոշ ժամանակ հետո սա դառնալու է պատմություն»,- շեշտեց Գուրգեն Արսենյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս