2024 թվականին ԿԲ-ում աշխատավարձերի և պարգևավճարների չափը չի ավելանա
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ 2024 թվականին բյուջեում ԿԲ-ն նախատեսել է նոր նախագծեր, հավելելով, որ 2022-23 թվականներից մեկնարկած ծրագրերն իրականացման կարևորագույն փուլերում են, և ակնկալում են, որ 2024 թվականին մի շարք նախագծեր կհասնեն ավարտին։
«Նոր ծրագրերից ամենախոշորն է մեր ներքին ցանցային համակարգի արդիականացումը։ Ցանցային համակարգը նախագծվել ու տեղադրվել է 2010-2011 թվականներին, բարոյապես շատ հին է և վենդերների կողմից այլևս 2024 թվականին չի սպասարկվելու։ Նաև միջազգային ստանդարտներին համապատասխան սերվերային սենյակների հիմնանորոգման նախագիծն է։ 2024 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը նախատեսում է շարունակել վարչական շենքի էլետրասնուցման և օդափոխության կապիտալ վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև շարունակել էներգոարդյունավետությանը և խնայողությանը միտված արևային պանելների տեղադրման նախագիծը»,- պարզաբանեց Մարտին Գալստյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ում այս պահին տեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերին առնչվող կառավարման նոր մոդել, որը պիլոտային նախագծով նախատեսվում է կիրառել 2024 թվականին ՏՏ նախագծերի համար։
«2024 թվականի ԿԲ վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է շուրջ 10,3 մլրդ դրամ, 2023 թվականի նկատմամբ հանգեցնելով 2 տոկոս աճի։ Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ հոդվածն անփոփոխ է թողնվել 2023 թվականի համեմատ։ Մյուս հոդվածներով ունենք հետևյալ միտումները՝ անձնակազմի ուսուցում, գործուղում և վերապատրաստում՝ ունենք 30 տոկոս աճ, մեծ մասն են կազմում նախագծային գործուղումները»,- շեշտեց Մարտին Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում