«Անջատե՛ք խոսափողը». Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը՝ թույլ չտալով Գեղամ Մանուկյանին ավարտել խոսքը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր լիագումար նիստերի դահլիճում ձեռնպահ քվեարկեց Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխությունների նախագծին, ինչից հետո պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ վարման կարգի վերաբերյալ ելույթով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլատրեց Գեղամ Մանուկյանին խոսել, նախապես զգուշացնելով, որ զուտ վարման կարգի շրջանակներում կարող է խոսել, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց.
«Վարման կարգով նաև կարող է խմբակցության դիրքորոշում արտահայտել քվեարկության հետ կապված, դրա համար դա բովանդակության հետ կապ չունի։ Այս նախագծի հետ կապված, բնական է, անհնար է մերժել զինված ուժերի բարեփոխումների կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, և դա խրախուսելի է։ Եվ այս օրինագիծը միտված է դրան, պետք է արձանագրել, որ հիմնավորումներով նշված է, թե «Ես եմ» ծրագիրը տապալված է, ծրագիրը ներդրվել է 2017 թվականին, տապալվել է վերջին 4 տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»։
Գեղամ Մանուկյանի խոսքն ընդհատելով՝ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց, թե այդ ամենն ինչի կապ ունի վարման կարգի հետ։
«Բա գայիք նիստի ժամանակ, օրենքի քննարկման ժամանակ… ասեմ ավելին՝ ձեր հանձնաժողովի քննարկման ժամանակ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով՝ Գեղամ Մանուկյանը փորձեց հիմնավորել, թե ինչու են ձեռնպահ քվեարկել։
Սակայն Ալեն Սիմոնյանը չթույլատրեց, որպեսզի Գեղամ Մանուկյանը ներկայացնի հիմնավորումը, հրահանգելով անջատել պատգամավորի խոսափողը, չթույլատրելով շարունակել վարման կարգով խոսքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում