Խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվո՞ւմ է
Ամերիկյան կողմը շարունակում է միջնորդական ջանքերը Հայաստան-Ադրբեջան գործընթացում: ՀՀ կառավարության փոխանցմամբ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»,- նշված էր հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը:
«Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նոյեմբերի 7-ին էլ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպեցին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, հանդիպումն ավարտվեց առանց բեկումնային որոշումների: Սակայն Ալիևի Շուշիում ունեցած նոյեմբերի 8-ի ելույթից հետո էկանորեն սրվել է կողմերի հռետորաբանությունը, թույլ տալով ենթադրել, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման ծրագրերը փոփոխվում են:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ տեղի են ունենում ակտիվ ռեգիոնաշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք փակ են, և բարդ է հստակ նշել, թե երբ ինչն է ազդում կողմերի տրամադրվածության ու որոշումների վրա:
Ըստ նրա, ակնհայտորեն ինչ-որ բան փոխվել է:
«Բարդ է ասել՝ դա փոխվել է սեպտեմբերյան իրավիճակի՞ց հետո, Պրահայի հանդիպումի՞ց, թե՞ կողմերի հռետորաբանությունից հետո: Չի բացառվում նաև, որ կողմերը կամ կողմերից մեկն ակտիվ խաղում է Հայաստան-Ադրբեջան հարթությունում աշխարհաքաղաքական մրցակցության վրա, փորձելով ավելի որակյալ պայմանավորվածություններ ունենալ ապագա պայմանագրով:
ԱՄՆ-ը շարունակում է իր միջնորդական ջանքերը, որոնք այսօր ավելի ինտենսիվ են, քան ռուսական ջանքերը: Բայց ԱՄՆ ջանքերը կարծես արտաքին բնույթ են կրում, բովանդակային առումով պայմանավորվածություններով չեն ամրապնդվում, ինչը խոցելի է դարձնում ԱՄՆ միջնորդությունը:
Ի վերջո, միջնորդն իր կարգավիճակն ամրապնդում է արդյունքներով: ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր չի գործում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ով գոնե մեկ փաստաթուղթ չհաջողվեց ամրագրել: Բայց վերջին շաբաթների ընթացքում կարծես ավելի հաճախ է խոսվում Ղարաբաղի կարգավիճակի, խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին, մինչ դա թվում էր՝ այս հարցն առանձնացվել է Խաղաղության պայմանագրի ստորագրման թեմայից: Գուցե սա նշան է, որ կողմերը սպասում են ռուսական նոր առաջարկների, որոնցում խոսք կար Ղարաբաղի կարգավիճակի մասին, կամ՝ գոնե հայկական կողմն է սպասում, քանի որ վերջին շրջանում հայկական կողմը ռուսական առաջարկներից շատ խոսեց և ասաց, որ կողմ է: Այսինքն՝ չկա տրամաբանական մի գիծ, որով գործընթացը շարժվում է: Բայց ակնհայտ է, որ պայմանագրի ստորագրման հարցը տեղափոխվում է հաջորդ տարի, դրա հետ մեկտեղ՝ կա նաև պայթյունավտանգ անվտանգային իրավիճակ, Ռուսաստանի ուշադրություն այլ գոտիներում:
Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասը կտրված չէ աշխարհից, այստեղ աշխարհաքաղաքական գործընթացներն ունեն նույն քաոտիկ տրամաբանությունը, ինչ աշխարհում գործընթացները»,- ասաց վերլուծաբանը:
Լուկիանովի գնահատմամբ՝ առաջիկայում բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: «Սակայն, ինչպես մենք հետևել ենք միշտ ու արձանագրել, բանակցային խնդրահարույց փուլերն ունենում են նաև հետևանքներ ռազմական բռնկումների տեսքով: Արտաքին միջնորդների խնդիրն է՝ դա թույլ չտալ, քանի որ դրա վտանգը կպահպանվի»,- ասաց նա:
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին նկատեց, որ երբ կողմերի հռետորաբանությունն այսչափ սրվում է, առաջին միտքն այն է, որ բանակցություններում լուրջ տարաձայնություններ կան: Ըստ նրա, մի փոքր կասկածելի է նաև այն, թե որտեղ են շարունակվելու բարձր մակարդակի հերթական բանակցությունները:
«Իր մեջ մեծ վտանգ է պարունակում այն հանգամանքը, որ չկա հստակ մեկ միջնորդ, իսկ այդ մի քանի միջնորդներն իրար հետ խնդիրներ ունեն: Կողմերին ձեռնտու կարող է լինել հնարավորինս չեզոք միջնորդ, ինչպես Վրաստանը, սակայն մյուս կողմից՝ հասկանալի է, որ իրավիճակն այնքան բարդ է, որ հարկավոր է չափազանց ազդեցիկ միջնորդ: ԱՄՆ-ը չի պատրաստվում «զենքերը վայր դնել» այս հարցով, սակայն չի գնում պարտադրման ճանապարհով, այսօր այդ հեռանկարը չի հետաքրքրում ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Մոսկվային: Պարզապես հույս է ներշնչում մի փոքր այն հանգամանքը, որ բանակցային խնդիրները չեն վերաճի ավելի լուրջ դիմակայության, քանի որ ՀՀ-ում տեղակայված են եվրոպացի դիտորդներ: Սակայն հարկ է մտածել այն մասին, թե ինչ է լինելու, եթե չստորագրվի խաղաղության պայմանագիրը, ու նրանց տեղակայման ժամկետն ավարտվի: Սրանք բարդ հարցեր են, որոնք չեն ստանում միանգամից լուծում»,- ասաց նա: