«Ճարտարապետությունն ընդամենը հասարակության ու երկրի տնտեսական վիճակի արտացոլանքն է». Ի՞նչ են ակնկալում ճարտարապետները պալատի նոր նախագահից
Նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողով՝ հաշվետու-վերընտրական համագումարը:
Պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը չի առաջադրվելու, իսկ թե ինչ պատճառով, հրաժարվեց խոսել:
Ոլորտի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե Հայաստանի ճարտարապետների պալատի ինչպիսի՞ նախագահ են ուզում տեսնել, ո՞վ կարող է շատերի բնութագրմամբ՝ վերջին տարիների խայտաբղետ ճարտարապետությանը վերջ տալ, նշեցին, որ մեկ հոգին ոչինչ չի կարող անել, հարցը համակարգային է:
«Ճարտարապետությունն էլ ընդամենը հասարակության ու երկրի տնտեսական վիճակի արտացոլանքն է: Մնացածը քաղաքաշինությամբ կարգավորվող հարցեր են, որոնք մեծ ֆինանսների քաղաքականության ու կազմակերպչական երկարատև հետևողական աշխատանք են պահանջում»,- ասաց ճարտարապետներից մեկը:
Ճարտարապետ, քաղաքաշինարար, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ևս անդրադարձել է պալատի նախագահի ընտրությանը՝ նշելով, որ ի տարբերություն նկարիչների և կոմպոզիտորների միության՝ պալատը ղեկավարած Մկրտիչ Մինասյանը չի առաջադրվելու և, ամենայն հավանականությամբ, որոշակի մրցակցային պայմաններում ոչ միայն ընտրվելու է ՀՃՊ նոր նախագահը, այլև խորհուրդ և արտոնագրման հանձնաժողովների անդամներ։
«Մեր դեպքում, արդեն որպես ինքնակարգավորվող մարմին, պալատի նախագահի դերն էականորեն նվազ կարևոր է։ Համաձայն Ճարտարապետական գործունեության մասին օրենքի՝ պալատի գործադիր մարմինը համարվում է խորհուրդը։ Ճիշտ այդ պատճառով ի սկզբանե բացառելով նաև իմ թեկնածությունը պալատի նախագահի հավակնորդների մեջ՝ կարծում եմ, պալատի յուրաքանչյուր անդամ պետք է անի առավելագույնը՝ փոխելու մեկ անձի շուրջ կառավարման տրամաբանությունն ու իրապես անցնի համքարության տրամաբանությամբ կառավարման։ Հույս ունեմ՝ առաջիկա օրերին մեզ կհաջողվի այնպես անել, որ պալատի գործադիր մարմնում ընտրվեն ոչ թե տարիներով տարբեր տեղերում հանդես եկած հայտնի ճարտարապետները կամ նրանց զավակները, այլ իրապես բնագավառի համար սրտացավ, սկզբունքային, ոչ թայֆաբազ ու համեմատաբար երիտասարդ ճարտարապետներն ու ճարտարագետները։
Որպես ավելի քան տասը տարվա՝ միության, ապա՝ պալատի խորհրդի անդամ, ինքս ընդհանուր առմամբ գոհ չեմ մեր աշխատանքից, չնայած կարելի է ասել՝ անհավատալի արդյունքների ենք հասել այս ընթացքում։ Կարծում եմ՝ ապագա խորհուրդը, որի մեջ է մտնում ուղիղ ընտրությամբ ընտրված նախագահը, կկարողանա անել մեր չարածն ու պալատի բարեփոխումները հասցնել տրամաբանական կետի։ Դրա համար պետք են նոր ու թարմ ուժեր, ովքեր վերջին տասնամյակի բարեփոխումների հեղինակների հետ կշարունակեն աշխատանքը՝ մերժելով որոշակի տնավարի ու հարմարվողական աշխատելաոճն ու տեմպը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Սարհատ Պետրոսյանը։