«Սադրանքները եղել են և առաջիկայում էլ կլինեն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին». Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է, և դա լավ օրից չէ։
«Ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս շատ ուժեր ներգրավել, պարզապես այդ կամավորները, որոնք անցնում են մարտական հերթապահության, որոշ չափով վարձատրություն են ստանում։ Վարձատրության չափը կախված է մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելուց, կամ ներգրավվում են՝ որպես շարքային, թե դասակի հրամանատար։ Կառավարության որոշման համաձայն՝ նրանք վարձատրվում են, թեև կամավորությունը և վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են։ Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ և գնում եմ հայրենիքին ծառայելու, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան և վարձատրում է։ Բայց ասում եմ՝ սա լոկալ խնդիր է և ստեղծված իրավիճակը լուծելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, մասնավորապես՝ Խրամորթում թշնամու հնչեցրած կրակոցներին, Արմեն Խաչատրյանը տեղի ունեցողը բնորոշելով որպես սադրանք՝ ասաց, որ դրանք շարունակում է կիրառել Ադրբեջանի զինուժը։
«Զարմանալու որևէ բան չկա, մենք ինչքան հիշում ենք մեր պատմությունը, անընդհատ այդ սադրանքները եղել են և առաջիկայում էլ կլինեն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին»,- շեշտեց պատգամավորը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սահմանին հայկական կողմը բավականին ակտիվ շարունակում է ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում այդ աշխատանքներն ավարտվել են։
«Ինժեներական աշխատանքները սկսվում են և երբևէ չեն ավարտվում, բայց առաջնահերթ այն աշխատանքը, որը պետք է արվեր, շատ վայրերում արված է, քիչ տեղերում է մնացել, որտեղ պետք է դեռևս արվեն։ Այս աշխատանքներն ավարտելուց հետո, տեղի կունենան հաջորդ աշխատանքները, երկաթբետոնյա որոշակի հարմարանքներ սարքելու և այլ աշխատանքներ»,- նշեց Արմեն Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց, որ տվյալ պահին սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքները որևէ կերպ պայմանավորված չեն սահմանների հետագա գծման հետ: Դրանք անհրաժեշտ են մեր պաշտպանունակությունը կազմակերպելու համար։ Եթե նորից եղավ ագրեսիա կամ թշնամու զինուժի ներխուժում, ապա, պետք է դրան ամեն կերպ պատրաստ լինենք։
«Մեր հարևանն Ադրբեջանն է՝ որևէ բան թողնել հետոյի վրա կամ հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, կամ մարտական գործողություններ չեն լինի, սխալ է, մենք պետք է պատրաստ լինենք»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում