ՏՏ ոլորտն անհանգիստ է. Տարադրամի արժեզրկումը բազմաթիվ ոլորտներում հանգեցրել է ֆինանսական կորուստների 

Կառավարությունն ասում է՝ ՏՏ ոլորտում աննախադեպ հաջողություններ ունենք, բազմաթիվ նոր ընկերություններ են գրանցվել, հազարավոր նոր աշխատատեղեր են բացվել, երկնիշ աճեր են արձանագրվում։ Այնինչ՝ ոլորտում զբաղվածները բողոքում են, որ ընկերություններ են փակվում, աշխատողներ են կրճատվում, ու եթե կառավարությունը հրատապ քայլեր չանի առաջացած խնդիրները լուծելու, ռիսկերը մեղմելու ուղղությամբ, առաջիկայում ավելի վատ է լինելու։

ՏՏ ոլորտի խնդիրները կապված են տարադրամի արժեզրկման կամ ազգային արժույթի ամրապնդման հետ։ Խնդիրը նոր չէ, այն տարեսկզբից է առաջացել, բայց գնալով ազդեցությունը մեծացել է։

Ոլորտը նստած է հիմնականում դրսի պատվերների վրա, որոնց հաշվարկներն ու ֆինանսական հոսքերն էլ տարադրամով են։ Երբ տարադրամն արժեզրկվում է, նվազում են նաև դրամով արտահայտված նրանց եկամուտները։

Եկամուտները նվազում են, իսկ ծախսերը, որոնք առաջին հերթին աշխատավարձի ծախսերն են, ոչ։ Սա էլ դարձել է ՏՏ հիմնական դժգոհության պատճառը։

Սկզբնական շրջանում մտածում էին, որ տարադրամի արժեզրկման գործընթացը երկար չի տևի։ Ուստի, սեփական եկամուտներով փորձում էին փակել ճեղքերը։ Բայց աստիճանաբար հասկացան, որ այդպես երկար չեն կարող։

Տարադրամի գինը ոչ միայն չի վերականգնվում, այլև արժեզրկումը երբեմն-երբեմն ավելի է խորանում։ Դրա հետևանքով ավելանում են նաև ֆինանսական կորուստները։

Տարադրամի արժեզրկման արդյունքում դրսի վրա աշխատող ՏՏ ընկերություններն առնվազն 20 տոկոս վնասներ են կրում։

Հասկանալի է, որ ոչ բոլորը կարող են դիմանալ այսպիսի կտրուկ կորուստներին։ Հատկապես փոքրերը։ Ու երբ խոսվում է ոլորտում ընկերությունների փակման մասին, խոսքն առաջին հերթին փոքրերի մասին է։

Խոշորները նման դեպքերում փորձում են ջրի վրա մնալ աշխատողներին կրճատելու ու սեփական եկամուտները նվազեցնելու հաշվին։ Փոքրերի պարագայում հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են։ Այդ պատճառով էլ նրանք հաճախ հարկադրված են լինում պարզապես դադարեցնել աշխատանքը։

Թե այս ընթացքում, տարադրամի արժեզրկման հետևանքով ՏՏ ոլորտում քանի՞ ընկերություն է փակվել և քանի՞սն են ստիպված եղել կրճատել աշխատողներին, տվյալներ չկան։ Բայց ահազանգեր արդեն հնչում են։

«Այս տարվա փետրվար ամսից արտարժույթի շուկայում աննախադեպ արագությամբ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ ՏՏ ոլորտում գործող որոշ ընկերություններ արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են, մի մասն էլ կրճատումներ է արել»,- օրերս հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահը։

ԱՏՁՄ նախագահի խոսքով, տարադրամի արժեզրկումը լուրջ ազդեցություն է ունեցել ՏՏ հատվածի վրա, քանի որ այն 90 և ավելի տոկոսով համարվում է արտահանող ոլորտ` պատվերները ստացվում են արտարժույթով։ Դրա հետևանքով արդեն փակված, կրճատումներ արած ընկերություններ կան։

«Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին»,- ասում է միության նախագահը։

Որպեսզի տարադրամի արժեզրկման կորուստներն ընկերությունների համար ինչ-որ չափով հնարավոր լինի փոխահատուցել, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կառավարությունից պահանջում են ընդունել առաջարկված ռիսկերը մեղմացնող նախագիծը, որով նախատեսվում է տալ եկամտային հարկի ժամանակավոր արտոնություն։

Նախաձեռնությունն արդեն վաղուց է պտտվում կառավարության տարբեր օղակներում, բայց որոշման տեսք չի ստանում։ Կառավարությունը չի շտապում եկամտային հարկի արտոնություն տրամադրել ոլորտի ընկերություններին։ Թեև դա, իհարկե, հիմնականում կփոխհատուցի տարադրամի արժեզրկման հետևանքով առաջացող ֆինանսական կորուստները։

Կառավարության չշտապելու հիմնական պատճառը, թերևս, ոլորտում ձևավորվող հարկային եկամուտներից չզրկվելն է։ Աշխատավարձերն այստեղ հասել են միջազգային մակարդակի։ Դրա արդյունքում եկամտային հարկի տեսքով բավական խոշոր գումարներ են մտնում բյուջե։

Առաջին հերթին դրա արդյունք է միջին աշխատավարձի այն տպավորիչ աճը, որով հպարտանում են կառավարության պաշտոնյաները։

Միայն այս տարվա ընթացքում ՏՏ ոլորտում միջին աշխատավարձն ավելացրել են առնվազն 300-350 հազար դրամով կամ 33-34 տոկոսով։ Դա էլ իր ուղղակի և էական ազդեցությունն է թողել Հայաստանում ձևավորվող միջին աշխատավարձի ցուցանիշի վրա։

Եկամտային հարկի տեսքով ոլորտից ստացվող հարկերը կարևոր են կառավարության համար։ Ու որքան ձգվում է այս պրոցեսը, այնքան կառավարությունը շահում է։

Չի բացառվում նաև, որ դա հատուկ է արվում, որպեսզի այստեղ գործող ընկերություններն իրենց միջոցների հաշվին լուծեն իրենց խնդիրները։ Այդ լուծումը կարող է լինել, անշուշտ, աշխատավարձերի նվազեցումը, որին հավանաբար հակված չեն գնալ ոլորտի ընկերությունները, չնայած դրանք հայաստանյան չափանիշներով արդեն իսկ չափազանց բարձր են։

Միջին աշխատավարձը ոլորտում հասնում է 1,1 մլն դրամի։ Սա առնվազն 5 անգամ ավելի է Հայաստանի միջինից։ Այնպես որ, անգամ 20 տոկոսով ոլորտում աշխատավարձերը նվազեցնելու պարագայում, դրանք էլի կմնան չափազանց բարձր։

Բայց ընկերությունները պատրաստ չեն դրան։ Ի վերջո՝ դա էլ իր հերթին՝ այլ խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ մասնագետների հոսելիության առումով։

Մինչ կառավարությունն ու ՏՏ ներկայացուցիչներն առայժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս, ոլորտում մեծանում է ճնշումը։ Որքան տարադրամը մնա արժեզրկված՝ այնքան խորանալու է այդ ճնշումը։ Ի վերջո, այն ինչ-որ կերպ պետք է լուծվի։ Լուծումը կարող է լինել՝ ինչպես եկամտային հարկի արտոնության տրամադրումը, այնպես էլ՝ աշխատավարձերի կրճատումը։

Թե ով կզիջի, առաջիկայում կերևա։

Բայց խնդիրը միայն ՏՏ-ն չէ։ Այն շատ ավելի ընդգրկուն է։ Տարադրամի արժեզրկումը բազմաթիվ այլ ոլորտներում ևս հանգեցրել է ֆինանսական կորուստների առաջացման։ Տնտեսության ամբողջ արտահանելի հատվածը դրա մեջ է մտնում։ Ու եթե կառավարությունն ինչ-որ կերպ պիտի օժանդակի տարադրամի աժեզրկման հետևանքները տնտեսության մասնակիցների վրա թուլացնելու գործին, ապա դա պետք է լինի բոլորի նկատմամբ։ Այլապես ինչո՞ւ միայն ՏՏ-ն. չէ՞ որ մյուսներն էլ պակաս կորուստներ չեն կրում։

ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս