Որքա՞ն գումար է տալիս պետությունն Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար

Քաշաթաղցին այս պահին բնակարանային լուրջ խնդիր ունի, քանի որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սերտիֆիկատներում նշված է, որ բնակարան գնելու համար մինչև 10 մլն դրամ են պատրաստ փոխհատուցել։

Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասել էր քաշաթաղցիներից մեկը՝ հավելելով, որ այսօր 18.000 քաշաթաղցի մնացել է անօթևան։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե արցախցիներին պետությունը որքա՞ն գումար է տալիս, որպեսզի տուն գնեն, ու դա միայն սահմանամերձ գյուղերում բնակվելու դեպքո՞ւմ է:

Նախարարության լրատվական բաժնից նշեցին, որ խոսքը միայն սահմանամերձ բնակավայրերի մասին չէ:

Կարդացեք նաև

«Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում տրամադրվում է աջակցություն՝ հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 152 հազար դրամ): Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազար դրամ):

Սահմանամերձից բացի, քաղաքացին հնարավորություն ունի տուն ձեռք բերել ՀՀ ոչ սահմանամերձ մարզերում, Երևանում և Արցախում: Եթե Երևանում է տուն ձեռք բերում, ապա պետությունն աջակցում է Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, իսկ ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով»,- մանրամասնեցին նախարարությունից:

Հավելենք, որ ծրագրի շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

Ստացված դիմումները կհամադրվեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված ցանկի հետ, որի արդյունքում նույնականացված շահառուները կստանան հավաստագրեր։

Տեսանյութեր

Լրահոս