Բաժիններ՝

Մեկնարկել են Ճապոնիայի և ԱՄՆ-ի Keen Sword ընդգրկուն զորավարժությունները

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ-ի զինված ուժերն սկսել են Keen Sword խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունները ճապոնական հարավարեւմտյան կղզիներում: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժանքները տեւելու են մինչեւ նոյեմբերի 19-ը, դրանց կմասնակցեն այս երկրի ինքնապաշտպանության ցամաքային, ծովային եւ օդային ուժերի շուրջ 26 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 10 հազար զինվոր, այդ թվում՝ Տիեզերական ուժերից:

Վարժանքները, որոնք նմանակում են հեռավոր կղզիների պաշտպանությունը, կենտրոնացվելու են Կագոսիմա հարավարեւմտյան պրեֆեկտուրայի Տոկունոսիմա կղզու վրա, որտեղ կմասնակցեն ճապոնական ու ամերիկյան Osprey կոնվերտոպլաններ: Ինչպես ճշտում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, վարժանքներին Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից կմասնակցեն համապատասխանաբար շուրջ 20 եւ 10 նավեր, ինչպես նաեւ շուրջ 250 եւ 120 ինքնաթիռներ:

Նշվում է, որ վարժանքներում գործի կդրվի չորս ռազմանավ եւ երկու ինքնաթիռ՝ Ավստրալիայից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից:

Զորավարժանքները նաեւ ընդգրկելու են բալիստիկ հրթիռներին հակազդում եւ գործողություններ պաշտպանության նոր բնագավառներում, ինչպիսիք են տիեզերական տարածությունը եւ կիբեռտարածությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս