Փաշինյանի ելույթը Աստանայում ադրբեջանական թեզի բառացի և տառացի վերարտադրում էր. Լևոն Գևորգյան

«Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է հնարավոր անել՝ չեղարկելու հայտարարությունների, խոսքի, ձևակերպումների իրավական հետևանքները:

«Նախ փորձենք հասկանալ, թե ինչ իրավական հետևանքներ են ունենում այս հայտարարությունները, որոնք պետության ներկայացուցիչների մակարդակում արվում են: Դրանք կարելի է բաժանել 2 մակարդակի: Առաջինը երևի թե նարատիվայինն է, երկրորդ մակարդակը՝ իրավականը, երբ գործ ունենք իրավունքներից հրաժարման գործընթացի հետ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Ըստ նրա՝ նարատիվային մակարդակում մենք գործ ունենք ադրբեջանական թեզերի վերարտադրման հետ:

«Մասնավորապես կենտրոնական ադրբեջանական թեզն այն էր, որ խորհրդային սահմանների շարունակականությունն իբրև թե հաստատվել է Ալմա Աթայի հռչակագրով և ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերով, և, բնականաբար, Ադրբեջանը սրանով չի ուզում պարզապես սահմանագծման և սահմանազատման խնդիր լուծել: Խնդիրը շատ ավելի խորքային է, որովհետև ադրբեջանական թեզը կառուցված է այն բանի վրա, որ գաղութային սահմանների շրջանակն այն շրջանակն է, որով հենց իրականացվում է ինքնորոշման իրավունքի իրացումը, որովհետև այդպես է իրացվել ինքնորոշման իրավունքն Աֆրիկյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե համեմատենք Պրահայում արված հայտարարությունը դրանից ընդամենը 2 օր անց Աստանայում արված հայտարարության հետ, կտեսնենք, որ դրանցում կան ֆունդամենտալ տարբերություններ:

«Որովհետև Պրահայում, ենթադրում եմ, ֆրանսիական կողմի միջնորդությամբ օգտագործվեց ձևակերպում՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումն այնպես, ինչպես այն արձանագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Ալմա Աթայի հռչակագրում», ինչը, բնականաբար, փորձ էր տարածքային ամբողջականության սկզբունքը բերել իր իրական նորմատիվային իմաստի տիրույթ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ դրանից երկու օր անց Նիկոլ Փաշինյանն Աստանայում մոտավորապես հայտարարեց, որ ԽՍՀՄ տրոհման արդյունքում ձևավորված պետություններն ընդունել են Խորհրդային սահմանների շարունակականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

«Սա իրականում ադրբեջանական թեզի բառացի և տառացի վերարտադրում է, որը երևի թե առաջին անգամ էր, որ ՀՀ պաշտոնատար անձի շուրթերով այդ մակարդակի տառացի արտատպվել էր»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին անգամ Ադրբեջանն այդ մասին խոսել էր 2008թ. դեռևս:

Միջազգային իրավունքի մասնագետի պնդմամբ՝ սրանով իշխանությունները լուծում են խնդիր, որ եթե անում ենք զիջումներ, մենք դրանում մեղավոր չենք, այս զիջումներն արդեն արված էին, ու մենք սրա պատասխանատվությունը չենք կրում:

«Երկրորդ խնդիրը, որ լուծում են, իրավականն է, այսինքն՝ պետության փաստացի հրաժարումը միջազգային մակարդակում որոշակի իրավունքներից, պահանջատիրությունից և այլն: Այս պարագայում լիովին իմաստազրկվում և զրոյացվում են այն դատաիրավական գործընթացները, որոնք սկսվել են միջազգային դատական ատյաններում: Հնարավոր չէ հասնել կարգավիճակի կառուցման, եթե դու ստորագրում ես «խաղաղության պայմանագիր», որով դու ընդունում ես, որ դու օկուպանտ ես և ագրեսոր»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Վերջինս հավելեց նաև, որ այդ պայմանագրով չեղարկվում է այն հնարավորությունը, որով պայմանական 5 տարի անց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից հնարավոր էր ստանալ վճիռ, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է:

«Եթե Ադրբեջանը ռասիստական ռեժիմ է, եթե այնտեղ 20-30 տարի եղել է արմենաֆոբ քաղաքականություն, ինչպե՞ս կարող է 150-200 000-անոց հայկական համայնք բնակվել որպես ադրբեջանական պետության կազմում՝ որպես այդ պետականության տարածքային միավոր»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նկատեց՝ միգուցե իրենք որոշակի հարցազրուցային մակարդակում փորձում են հակադրումներ անել, բայց ինքը չի տեսնում, որ կա այս նարատիվների իրական կառուցողական քաղաքական հակադրում:

«Այս կոնֆերանսը, իհարկե, լավ առիթ է խնդիրները քննարկելու, սակայն ես չեմ կարծում, որ այն արդյունավետ ձևաչափ է ժողովրդի, քվեարկողների, հասարակության մոտ նարատիվները կոտրելու և փաստաթղթերի իրական բովանդակությունը, բանակցային գործընթացի իրական պատմությունը սուտ և կեղծ օրակարգերից տարբերակելու համար»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Ինչ վերաբերում է իրավական հետևանքների չեղարկմանը, միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ կան միջազգային իրավական կոնկրետ ձևաչափեր, որոնցով պետության ներկայացուցիչների ստորագրությունները, հայտարարությունները և գործողություները կարող են վիճարկվել:

«Դրանց ցանկը սպառիչ է, և դրանց շուրջ այն խմբերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի ապագայով, պետք է այսօրվանից սկսեն աշխատել: Դա ուժի սպառնալիքի ազդեցությունն է, կոռուպցիան»,- եզրափակեց Լևոն Գևորգյանը՝ շեշտելով՝ սրանք այն հիմնական հիմքերն են, որոնք կարելի է օգտագործել առանձին պաշտոնատար անձանց հայտարարությունների ու գործողությունների վիճարկման համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս