«Երբ ընդունվում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, Արցախի անկախության հռչակագիրն արդեն իսկ ընդունված էր, 4 բանաձևերից որևէ մեկում չկա անկախության հռչակագրի քննադատում». Լևոն Գևորգյան

«Երբ խոսում ենք տիտղոսային պատկանելության խնդրի վերաբերյալ, նախ պետք է հասկանալ, թե որ պահից, թվականից է պետք սկսել քննարկումը, սա ցանկացած միջազգային իրավական դիսկուրսի անհրաժեշտ տարրն է՝ կրիտիկական պահի որոշումը»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ տարածքային վեճերն անխուսափելիորեն կապված են պատմական անցյալի հետ.

«Սովորաբար, երբ մարդիկ լսում են քննարկումներ տարածքային վեճերի վերաբերյալ, լսում են, որ իրավաբաններն առաջարկում են քննարկումը սկսել շատ վաղ փուլից,  կոնկրետ այս պարագայում ես անհրաժեշտաբար առաջարկելու եմ քննարկումը սկսել 1918 թվականի մայիսից, երբ ընդունվել են անկախության հռչակագրերը համապատասխանաբար երեք պետությունների:  Մարդկանց մոտ առաջանում է այն արգումենտը, որ սա իրավական ռոմանտիզմի տիրույթում գտնվող խնդիր է:

Պետք է շատ լավ գիտակցել, որ մենք գործ ունենք հակառակորդի հետ, որն ամենօրյա կտրվածքով ներգրավված է նարատիվների կառուցման և նարատիվների աղավաղման  գործընթացի մեջ, և անխուսափելիորեն զբաղվում է թե պատմության կեղծմամբ, թե անցյալի հետ կապված որոշակի դրվագների բարձրաձայնմամբ և ստեղծում է իրավական կեղծ պահանջատիրություն՝ հենվելով անցյալի վրա:

Կարդացեք նաև

Եվ այսպես, 1918 թվականի մայիս. իմ կարծիքով՝ այս դրվագն է արցախյան հակամարտության սկիզբը, որովհետև մենք ունենք երկու անկախության հռչակագրեր, որոնք հակասում են մեկը մյուսին: Ադրբեջանի անկախության հռչակագիր, որը հայտարարում է Ադրբեջանի սուվերենությունը Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջանների նկատմամբ, և Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, որը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանությունը հայկական շրջանների նկատմամբ:

Շատ կարևոր է հասկանալ, որ ադրբեջանական ընկալմամբ անդկովկասյան փոխարքայության հարավային և արևելյան շրջաններ ասելով՝ նկատի է ունեցվում Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ, այսինքն՝ Սյունիք, Արցախ, Գանձակ և, բնականաբար, Բաքվի գավառը, ինչպես նաև Նախիջևանը:

ԻՆչո՞ւ է սա կարևոր, որովհետև այս փաստաթուղթը հղումով  ինկորպորացված է Ադրբեջանի Հանրապետության այսօրվա սահմանադրության մեջ: Այսինքն, երբ մենք խոսում ենք Ադրբեջան պետության հետ հավանական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, պետք է քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որն իր սահմանադրական ռեժիմի մակարդակում հերքում է Հայաստանի այսօրվա անգամ 29.000 քառակուսի կիլոմետրի կոնցեպտը իրավական սահմանադրական մակարդակում, որովհետև այս երկրի սահմանադրական նկրտումները ծածկում են նաև Սյունիքը»:

Լևոն Գևորգյանը խոսեց նաև ինքնորոշման մասին.

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ անկախության հռչակագրերը, որպես այդպիսին, չեն կարող խախտել տարածքային ամբողջականության սկզբունքը, այսինքն՝ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև այս արհեստական հակադրությունն իրականում իրավական տեսանկյունից նոնսենս է, որովհետև այս երկու սկզբունքները գործում են բոլորովին տարբեր հարթակներում:

Բնականաբար, Արդարադատության միջազգային դատարանն անդրադարձ է կատարել նաև մի շարք դեպքերի, երբ, օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարբեր պետությունների անկախության հռչակագրեր որակել է որպես անվավեր և պարզաբանել է, որ բոլոր այս դրվագներն իրականում կապ ունեն ոչ թե անկախության հռչակագրի անվավերության հետ, այլ նրա հետ, թե ինչպիսի միջոցներով է անկախության հռչակագիրն իրականում ընդունվել: Մասնավորապես, խոսքը գնում է, օրինակ՝ Հյուսիսային Կիպրոսի անկախության հռչակագրի մասին, որը կայացել է թուրքական ագրեսիայի հետևանքով: Իրականում բոլոր դրվագներն այս կամ այն կերպ կապ ունեն ֆունդամենտալ միջազգային իրավունքի նորմի որևէ խախտման հետ:

Բնականաբար, այս դիսկուրսը մեզ անխուսափելիորեն բերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, որոնք վերաբերում են Արցախի հակամարտությանը: Այն պահին, երբ ընդունվում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, Արցախի անկախության հռչակագիրն արդեն իսկ ընդունված էր, այս 4 բանաձևերից որևէ մեկում չկա անկախության հռչակագրի քննադատում, չկա որակում կամ կոր միջազգային հանրությանը՝ չճանաչելու Արցախը՝ որպես անկախ սուբյեկտ, չկա որևէ իրավական գնահատական նրա մասին, թե Արցախը կայանում է կամ ձևավորվում է միջազգային իրավունքի նորմի որևէ ֆունդամենտալ նորմի խախտման գործընթացի միջոցով: Հետևաբար՝ այս 4 փաստաթղթերը, որոնք, ցավոք սրտի, մեր իրականությունում շատ հաճախ մեզ հրամցվում էին որպես պարտություն, քանի որ այնտեղ օգտագործվում է եզրույթաբանություն, որը վերաբերում էր 7 շրջաններին և, բնականաբար, անընդունելի էր հայաստանյան կողմի համար: Սակայն իրականում այս փաստաթղթերում դրված է իրական բազան, որը կարող է դեռևս հիմք ծառայել Արցախի Հանրապետության ինքնիշխանության կայացման համար, որովհետև մենք ունենք ՄԱԿ-ի կենտրոնական քաղաքական մարմին, որը պատասխանատու է միջազգային անվտանգության և խաղաղության համար, որը չորս անգամ ներգրավվել է խնդրի մեջ և չորս անգամ որևէ գնահատական չի տվել Արցախի անկախության հռչակագրի վերաբերյալ, ըստ էության ոչ էլ որակել է Արցախը որպես Հայաստանից կախյալ սուբյեկտ, և, որ ամենակարևորն է, դելեգացրել է խնդրի կարգավորումը Մինսկի խմբի ֆորմատին, որն այսօր, ցավոք սրտի, պարալիզացված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս