ՀՀ-ում վերածվել եք Ալիևի փաստաբանի, գոնե վարձատրվո՞ւմ եք. Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդքան ջղայնացավ՝ Արցախի դրոշները տեսնելով, այնուհետև հավելեց՝ սպասելի էր, որ այս ժամին նիստերի դահլիճում հնչելու է «ստի ու մանիպուլյացիայի մեծ դոզա»։

Խոսքը կրկին ուղղելով Ալեն Սիմոնյանին՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ պետք չէ զգացմունքներն այդքան բացահայտ ցույց տալ։

«Այդ ժողովուրդը մեղք է, եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ալեն Սիմոնյան, ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թե ինչո՞ւ մեկ անգամ Ալիևի մտքով չի անցել բերի ձեր այդ փաստարկները, որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք։ Այդքան խելո՞ք եք, հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանն այդքան ման էր գալիս ու չէր գտնո՞ւմ։ Երեք տարի է՝ նույն բանն այս դահլիճից կրկնում եք, թե ներքին օրենքով է Արցախը ճանաչվել Ադրբեջանի մաս։ Մեկ է, սա այնքան հիմարություն է, որ ձեզանից բացի՝ ոչ ոք սա չի կրկնում»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե՝ «Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

Քրիստինե Վարդանյանը հարց բարձրացրեց՝ եթե այդպես է, ինչո՞ւ է Ադրբեջանը բացառապես վկայակոչում ՀՀ ներկայիս իշխանության ստորագրություններն ու հայտարարությունները՝ որպես Արցախի վրա իր իրավազորության հիմք։

Կարդացեք նաև

«Զգացե՞լ եք, որ այդ թուղթը միայն դուք եք ցիտում, անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում՝ որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք։ Ձեր մոտ հարց չի առաջացե՞լ, թե ինչպե՞ս է այդպես ստացվում։ Դուք ձեզ առհասարակ հարց տվե՞լ եք, թե ընդհանրապես կարո՞ղ եք խոսել, որ ինչ-որ մեկն ադրբեջանական նարատիվներ է տարածում։ Ձեր արտգործնախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են պատասխանում։

Ադրբեջանն ասել է, որ Սահմանադրություն պետք է փոխեք, բարեբախտաբար, այս պետության հիմնադիրները հեռատեսություն են ունեցել, որ կանխատեսել են ձեր գալը, այնպես են արել, որ այդ նախաբանն անփոխարինելի լինի, անգամ հանրաքվեի դնեք, դա չեք կարողանալու փոխել, միակ տարբերակն այս պետությունը լուծարելն է»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը։

Նա նաև հայտարարեց, երբ իշխանությունը վկայակոչում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, գոնե գիտե՞ն, որ այն տարածքները, որոնք հանձնել են՝ Հայաստան են։

«Հասկանում եմ, որ ձեզ ինչ-որ թեզեր են տալիս ու ասում՝ կրկնեք, ճշմարտություն կդառնա։ Այն տարածքները, որոնք դուք մայիսին հանձնել եք, որին Նիկոլ Փաշինյանն է կողմ քվեարկել՝ Հայաստան են։ Դուք առհասարակ այս երկրում վերածվել եք Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝ դրա համար վարձատրություն ստանո՞ւմ եք, թե՞ չէ»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս