Մեր գլխի տակ «փափուկ բարձ» դրեցին. Հուսանք՝ Փաշինյանը կհեռանա, ու այդ թեման կփակվի. Ֆերմեր

Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի մի խումբ ֆերմերներ որոշել էին փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը սպանդանոցներում պարտադիր իրականացնելու մասին որոշումը։ Բարձրացրած աղմուկից հետո, Արարատի մարզպետարանը ֆերմերներին կանչել էր ու հորդորել դադարեցնել բողոքը և մինչև Ամանոր մորթը կատարել այնպես, ինչպես նախկինում։

168.am-ի հետ զրույցում Արարատի մարզի ֆերմեր Լևոն Գրիգորյանն ասաց.

«Մենք որոշել էինք ամբողջ մարզով փակել ճանապարհը, բայց մարզպետարանում դրա մասին նախապես իմանալով՝ կանչել էին մեր ֆերմերներին ու ասել, որ մինչև Նոր տարի չբողոքենք, իսկ Նոր տարուց հետո խնդրին կանդրադառնան։ Այսինքն՝ մինչև նոր տարի մեր գլխի տակ «փափուկ բարձ» դրեցին, չնայած 2020 թվականից են այդպես վարվում, բայց մեզ լռեցնել չի հաջողվի, Ամանորից հետո իրենց որոշումը կտեսնենք ու ըստ այդմ էլ կշարժվենք։ Եթե հանկարծ այս որոշումը չփոխեցին, ապա Ամանորից հետո ճանապարհ էլ կփակենք, այլ գործողությունների էլ կդիմենք, մենք շատ խիստ ենք բոյկոտելու այդ որոշումը, որովհետև անհարկի դժվարություններ են ստեղծում մեզ համար, չեն թողնում աշխատենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Լևոն Գրիգորյանի, Կառավարության այդ որոշման հետևում բազմաթիվ բարդություններ կան ֆերմերների, ինչո՞ւ չէ, նաև հասարակ մարդու համար, որ որոշել է անասուն պահել ու վաճառել։

Կարդացեք նաև

«Երբ 2020 թվականին սպանդանոցների դեմ մեր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ մեզ հրավիրեցին մարզպետարան, ասացին, որ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է գալու, խնդիրը քննարկի, լուծումներ գտնի։ Գնացինք, ի՞նչ ասաց մեր այն ժամանակվա մարզպետ թռչունը՝ կոկորդիլոս Գարիկ Սարգսյանը, նա ասաց, որ եթե մենք գումար չունենք, սպանդանոցների հարցում դժվարանում ենք, ապա գործարար Խաչատուր Սուքիասյանը կկարողանա 2 մլն դոլար ներդնել, իհարկե, այդտեղ բոյկոտեցի՝ ասացի, ի՞նչ է, մենք դա՞ էլ ենք տալու Խաչատուր Սուքիասյանին։

Ես իրենց օրինակ բերեցի Վրաստանին, հարցրեցի՝ այնտեղ էլ այդքան ներդրում արեցին, սպանդանոց ստեղծեցին, աշխատե՞ց, դե, բնականաբար, չկարողացան իմ հարցին պատասխանել։ Հիմա որ մեզ 50 միլիոնից ավելի գցում են փոսը, ըստ իրենց, եթե մենք ֆերմեր ենք, չե՞նք կարողանում վերլուծություններ անել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ մինչև Ամանոր Նիկոլ Փաշինյանն իր որոշումով հանդերձ՝ կհեռանա, գուցե այդ դեպքում այս թեման էլ փակվի, իրենք հանգիստ աշխատեն։

Տեսանյութեր

Լրահոս