Ճոպանուղին հրետակոծության հետևանքով չի աշխատում. արկեր են նետվել Կեչուտի ջրամբարի մեջ. մարզպետ
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի նախագծով Վայոց ձորի մարզպետարանին հատկացվող բոյւջետային հատկացումները ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների մասին, մասնավորապես, Ջերմուկ համայնքի վնասի չափի մասին:
Ի պատասխան՝ մարզպետը տեղեկացրեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում հիմնականում տուժել է Ջերմուկ համայնքը:
«Բազմակողմանի ուսումնասիրություններ են արված, ՀՀ Գլխավոր դատախազության կողմից նաև քրեական գործ է հարուցվել: Մարզապետարանի, համայնքապետարանի կողմից ուսումնասիրվել են պատճառված նյութական վնասները, գնահատվել են. այժմ սպասում ենք եզրակացություններին, որպեսզի իրավական ձևակերպումներ կարողանանք տալ և նաև՝ փոխհատուցման հարցը քննարկվի,- մանրամասնեց Արարատ Գրիգորյանը և հավելեց,- Ճոպանուղին այս պահին չի աշխատում, քանի որ հրետակոծության հետևանքով ճոպանուղին, նաև հարակից կառույցները վնասվել են:
Համայնքի կողմից, նաև մեր կողմից համատեղ ուսումնասիրությունների մոտավոր հաշվարկով ճոպանուղու ենթադրյալ պատճառված վնասը 200 հազար եվրո է, ֆիզանձանց պատճառված վնասները՝ մոտավորապես 38-42 միլիոն դրամ, ինչը գնալով ավելանում է:
Կեչուտի ջամաբարը և հարակից տարածքները հրետակոծության են ենթարկվել, երկու արկ ընկել է ուղղակի ջրամբարի մեջ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վնասներ ջրամբարը չի կրել, բայց լրացուցիչ աշխատանքներ արվում են նաև Ջրային պետական կոմիտեի կողմից»: