Պետության փողն էս ի՞նչ ձև եք ծախսում. փողը տվել եք ու ոչ մի արդյունք չկա. Բագրատյանը՝ Քերոբյանին
ԱԺ-ում 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարար Վահան Քերոբյանին ուղղեց իր դժգոհությունները գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առնչությամբ:
«Գյուղատնտեսության ապահովագրության սուբսիդավորումը 1 միլիարդի եք հասցրել, այնինչ, պարզվում է՝ ընդհանուր փոխհատուցումը եղել է 1.2 միլիարդի. ստացվում է այնպես, որ պետությունն է ապահովագրել: Այսինքն՝ դուք սուբսիդավորել եք ապահովագրական ընկերություններին մի թվով, որի չափ մեր գյուղացին պետության տված փողն է ստացել,- ասաց պատգամավորը, ապա խիստ տոնով շարունակեց հարցը,- Ինչի՞ եք նման բան անում. ապահովագրական ընկերությունները հսկակայական շահույթ են ունենում, պետությունը փոխհատուցում է նրանց ծախսե՞րը: Այսինքն՝ էս ի՞նչ ռիսկերի եք տանում. պետության փողը ո՞նց կարելի է այդպես ծախսել»:
«Մենք դեռ կայուն մակարդակի չենք հասել, այսինքն՝ եթե չկա կրիտիկական զանգված ապահովագրվող հողատարածքների և այլն, ապահովագրության ոլորտը միշտ վնասով է աշխատում:
Միայն ծավալի մեջ է, որ ապահովագրությունը սկսում է մաթեմատիկական ճշտությամբ աշխատել: Մենք դեռ չենք հասել այդ ծավալին, բայց կարող ենք դեռ մի քանի տարի էլ աշխատել այս ապահովագրական համակարգի հետ՝ մինչև իրեն ազատ նավարկության թողնելը, դա անում ենք»,- ի պատասխան՝ մանրամասնեց նախարարը:
Իր հերթին՝ փոխնախարար Արման Խոջոյանն էլ հնչեցրեց թվային տվյալներ. «Ընդհանուր հավաքագրվել է 866 միլիոն ապահովագրավճար, որից կառավարությունը վճարում է 50 տոկոսը: Այսինքն՝ մեր միջամտությունը եղել է 430 միլիոն դրամ, իսկ ապահովագրական ընկերությունները, այն ֆերմերներին, որոնք 2022 թվականին տուժել են կարկտից, ցրտահարությունից (պիլոտային մեկնարկեց նաև սակավաջրությունը), այդ ռիսկերից փոխհատուցել են 1 միլիարդ 200 միլիոն դրամ»: