Արցախի հարցի լուծումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա․ Արա Այվազյան
«Ինչպես և բոլորը, եկել եմ Արցախի, Հայաստանի ու մեր Սփյուռքի պաշտպանության համար»,- այս մասին այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքից առաջ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա կարծիք հայտնեց, որ բոլոր տարատեսակ խոսակցություններին ու վարկածներին հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես։
«Թուրքերի համար մենք թշնամի ենք, և վստահաբար այսօր այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա։
ՀՀ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, որի համար էլ եկել է մասնակցելու հանրահավաքին։
Արա Այվազյանն ասաց, որ իր պաշտոնավարման շրջանում ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից։
«Ես պնդում եմ, որ այն կեցվածքը, որը որդեգրել էր արտաքին գործերի նախարարությունը, ճիշտը լուծում էր, և մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»,- ասաց նա։