Լրագրող Անի Գևորգյանին ապտակած ու նրա հեռախոսը խլած Փաշինյանի աջակիցները մեղավոր են ճանաչվել դատարանի վճռով

Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Անի Գևորգյանին ապտակելու նրա հեռախոսը խլելու գործով դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել:

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

«Վահագն Գագիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հուևիսի 04-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ վարչապետի ժամաևակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակչության միջն տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գտնվելով Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան ղրամատիկական թատրոնի տարածքում, խոչընդոտել է «Թերթ.ամ» լրագրող Անի Սեյրանի Գևորգյանի մասնագիտական օրինական զործունեությանը, այն է Անի Գևորգյանի կողմից բջջայիև հեոախոսով նկարահանելու ժամանակ հարվածել է նրա ձեռքին, որի ժամանակ վերջինիս նկարահանող բջջային հեռախոսի տեսախցիկը ուղղվել է ներքև»,- կարդում ենք մեղադրական եզրակացության մեջ:

Փաստորեն Արտաշատում 2021թ. հունիսի 4-ին Նիկոլ Փաշինյանի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել գործով երկու ամբաստանյալներին՝ Արարատի մարզի բնակիչներ Սոնա և Վահագն Հակոբյաններին։

Կարդացեք նաև

Գործով նախագահող դատավորը Հարություն Պետրոսյանն է, Անի Գևորգյանի շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Դավիթ Ավագյանը։ Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաև սահմանվել է տուգանք 200 հազար դրամի չափով։

Դատարանի վճռով հաստատվել է, որ Սոնա և Վահագն Հակոբյանները կատարել են հանրային վտանգավորություն ունեցող արարք, որը սահմանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Սոնա և Վահագն Հակոբյանները քույր և եղբայր են։ Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հունիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած, Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր անցկացնում Արարատի մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ։

Լրագրող Անի Գևորգյանը՝ որպես Tert.am-ի թղթակից, փորձել էր հանդիպումները լուսաբանել, և նրան նախ խոչընդոտել էին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, մարզային ոստիկանության ներկայացուցիչները, հետո նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցները։

Մասնավորապես՝ մարզի բնակիչ Վահագն Հակոբյանը հարվածել էր Անի Գևորգյանի ձեռքին, ինչի արդյունքում բջջային հեռախոսով նկարահանումները ընդհատվել էին։ Հարվածից հետո Անի Գևորգյանի ձեռքից Սոնա Հակոբյանը խլել էր հեռախոսը, ապտակել Անի Գևորգյանին։

Հեռախոսն Անի Գևորգյանին վերադարձրել էր ոստիկաններից մեկը։

Միջադեպը տեսանկարհանվել էր Yerevan.Today-ի օպերատորի և լրագրողի կողմից։

Նշենք, որ դատարան էր հասել միայն բնակիչների գործողությունների մասով հայցը, ոստիկաննների արարքի մասով թեև եղել էր դիմում Անի Գևորգյանի կողմից և նաև ահազանգ էր հնչեցրել այդ ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, քրեական գործ չէր հարուցվել։

168.am-ի հետ զրույցում Անի Գևորգյանն ասաց՝ դատարանի վճիռը չեն բողոքարկելու:

«Կարծում եմ՝ այս վճիռը կարևոր նշանակություն կունենա, և այլևս այն անձինք, ովքեր կփորձեն իշխանություններին արջի ծառայություն մատուցել կամ իրենց վարքագծով, լրագրողին խոչընդոտելով՝ քծնել իշխանություններին, կենթարկվեն պատասխանատվության, որովհետև նրանք, ովքեր ուղղորդում են այդ անձանց, հետո իրենց թիկունքին չեն կանգնելու և մենակ են թողնելու նրանց օրենքի առաջ»,- ասաց Անի Գևորգյանը:

Լրագրողը շեշտեց՝ այս ամբողջ պատմության պատասխանատվությունը կիսում են նաև տվյալ պահին հերթապահություն իրականացնող ոստիկանները, ովքեր նույնպես խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, ընդ որում՝ իրենց վերադասի ներկայությամբ:

«Ես այդ մասին նաև ոստիկանությունում իմ բացատրության մեջ էի նշել, բայց ոստիկանների գործողություններն այդպես էլ իրավական գնահատականի չարժանացան: Նշեմ նաև, որ այդ օրը մեր աշխատանքին խոչընդոտում էին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ևս»,- եզրափակեց Անի Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս