Լրագրող Անի Գևորգյանի վրա ՔՊ-ի համակրի հարձակման տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը Դատախազությունից պահանջել է գործողություններ ձեռնարկել

Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի  և NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:

Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական օրը լուսաբանող Անի Գևորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին՝ Դիանա Մարտիրոսյան անունով, ով ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով: Նկատենք, որ վերջինիս դեմ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, հարուցված է քրեական վարույթ, որի ընթացքին անպայման կհետևենք:

Հարձակումը տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:

Կարդացեք նաև

Ի դեպ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր այս կինը լրագրող Անի Գևորգյանին հրահանգում  հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերևույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը:

Երեկ, օրինակ, ի պատասխան մեր հարցման, թե սեպտեմբերի 11-ին Անի Գևորգյանի նկատմամբ տեղի ունեցածի ու հրապարակված տեսանյութի առնչությամբ Դատախազությունն ինչ գործողություններ է նախաձեռնել, դատախազությունից պատասխանեցին, որ Գլխավոր դատախազությունում հրապարակման հետ կապված այս պահին գործընթաց չկա:

Հարցումը վերահասցեագրեցինք նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ), որտեղից պատասխանեցին, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների  պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով իրականացնում է մշտադիտարկում:

«Ձեր հարցի առնչությամբ հայտնում ենք, որ նշված մշտադիտարկման շրջանակներում խմբի կողմից արձանագրվել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպը: Գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրենց իրավասության շրջանակներում համապատասխան գործողություններ ձեռնարկելու պահանջով: Պաշտպանը կարևորում է բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը։ Այդ տեսանկյունից կարևոր է, որպեսզի իրավասու պետական մարմինները պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել նման գործունեությունը խոչընդոտելու մասին: Պաշտպանն ընդգծում է նաև, որ վիրավորանքի, բռնության և ատելության խոսքի տարածումը հասարակության շրջանում խիստ մտահոգիչ, դատապարտելի և անթույլատրելի է: Այդ երևույթների ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից ու հարաբերություններից»,- Պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշումը փոխանցեցին ՄԻՊ-ից:

Տեղին է նշել, որ ՔՊ-ի համակիրների այս արգահատելի վարքագիծը առնվազն եթե ոչ՝ խրախուսվում, ապա՝ հավանության է արժանանում հենց Տիգրան Ավինյանի կողմից, ով ինքն էր Անի Գևորգյանին հորդորում՝ գնացեք, ձեր թեկնածուի հետ պտտվեք:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ քարոզարշավային օրերի ընթացքում Անի Գևորգյանի նկատմամբ սանձարձակ, Ազգային ժողովի նախագահին ոչ վայել վարքագիծ էր ցուցաբերել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անի Գևորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:

Ապացույցները բազմաթիվ են. դրանք ողջ ծավալով չենք հրապարակում բացառապես չտիրաժավորելու նկատառումներից ելնելով, սակայն ընդամենը երկու օրինակն էլ բավական են պատկերացում կազմելու համար այն այլանդակության մասին, որը իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում տեղի է ունենում իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս