«Ինձ ասացին՝ կան լրագրողներ, որոնց ներս չենք թողնում». Լրագրողը չի կարողացել մուտք գործել Արցախի Հանրապետություն

«Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս` մտնեմ Արցախ, մոտ մեկ ժամ է՝ սպասում ենք կամ թույլ տան, կամ հիմնավորեն` ինչու չեմ կարող Աղավնո, Բերձոր գնալ: Ասում են` մի քանի լրագրող կա, որ թույլ չեն տալիս, ինչու եմ այդ ցուցակում՝ պարզ չէ: Հուսամ` շփոթմունք է…»,- առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է լրագրող Անի Գևորգյանը:

Ժամեր անց 168.amի հետ զրույցում արդեն լրագրողը տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային խմբից Արցախ մուտք են գործել միայն օպերատորն ու վարորդը:

«Այս պահին Գորիսում եմ, սպասում եմ իմ գործընկերների վերադարձին: Ինձ ասացին՝ կան լրագրողներ, որոնց թողել ենք, կան լրագրողներ, որոնց ներս չենք թողնում. Ձեզ ներս չենք թողնում:

Զանգահարեցի Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ հարցով, թե արդյո՞ք կա ցուցակ՝ ում մուտքն է կարելի, ումը՝ ոչ, քանի որ անձնագիրս նկարեցին և հետո միայն տեղեկացրեցին, որ թույլ չեն տալիս մուտք գործել: Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ մենք որևէ ցուցակ չենք ներկայացրել. ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն անարգել մուտք գործել»,- ասաց Անի Գևորգյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին «Ժառանգություն» կուսակցությունն էր հայտնել, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից խոչընդոտվել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը:

Ավելի վաղ ապրիլի 12-ին էլ հայտնել էինք, որ կրկին առանց հիմնավորումների արգելվել էր ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը:

Տեսանյութեր

Լրահոս