Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Ինչպես հայտնում են փառատոնի գրասենյակից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Դիրիժորն է Բրայըն Քասլզ-Անիըն: Մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

Ծրագրում կլինեն արիաներ՝ հայտնի օպերաներից

Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից մեկն է։ Իր լուսավոր ու պարզ, էմոցիոնալ ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Նա լավագույնս մարմնավորում է իր վերակերտած հերոսուհիների կերպարաները՝ հետևելով ոչ միայն դիրիժորի ուղղորդումներին, այլև սեփական ինտուիցիային: Նա բուռն և հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Միլանի Լա Սկալա, Բոլշոյ և Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։

Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է պատմական և նշանակալից իրադարձություններով։ Նա 2001 թվականին հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է …» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոններ, Վիեննայի Մուզիքվերայն համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահ և Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք:

2014 թվականին երգչուհին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը՝ կատարելով «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։

Վիրտուոզ վոկալիստ Հիբլա Գերզմավան ելույթ է ունենում օպերային լավագույն բեմերում, ինչպես նաև նվաճում է աշխարհի փոքր բեմերի սրտերը: Հիբլա Գերզմավան համերգային ծրագրերով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և ողջ Ռուսաստանում։ Նա երգել է Փարիզի Շատլե թատրոնում և Ելիսեյան դաշտերում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Տեատրո դե Լիսեո օպերայում, Վալենսիայի Ռեյնայում, Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Բունկա Կայկան համերգային սրահում, իսկ Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական բեմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս