Հետողորմեա… հետողորմեա… «կալանք տվող» դատավորների դատարանը կլուծարվի. ի՞նչ են մտածել ՔՊ-ականները
Շուրջ 1.5 տարի առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ սկսվում էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրումը:
Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների՝ առանձին դատարանի ստեղծմանն էր վերաբերում:
Հիշեցնենք, որ սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն էր, ինչն արվեց հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, քանի որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը հիմնականում անկախություն էր դրսևորում ու չէր դակում նախաքննական մարմնի կողմից մասնավորապես հնչեղ գործերով բերված կալանքի միջնորդությունները:
Այստեղ տեղին է հիշել, որ Սյունիքի համայնքապետերի գործերով նրանց կալանքի դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները չմակագրվեցին այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն «ռեյդ» կատարեց Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավեց բողոքները դատավորներին մակագրող համակարգիչը, և դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանի քրեական պալատի՝ այն ժամանակ նորանշանակ ու ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ժամկետ ունեցող նախագահ Տիգրան Սահակյանն անցավ նրանց գործերն իրենց համար ցանկալի դատավորներին ձեռագիր կերպով մակագրելու՝ արատավոր պրակտիկային:
Ապա ստեղծվեց կալանք տվող դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանը, ուր աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, ովքեր խնդիր չունեին ցանկացած ցանկալի կալանք ապահովելու համար:
Կալանք տվող դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, և քաղաքական հնչեղության կալանքի գործերը հիմնականում բաժին էին հասնում նրանցից առավել պատրաստակամներին, օրինակ, Դավիթ Արղամանյանին, ներկայումս կալանավորված Արուսյակ Ալեքսանյանին, թեպետ մյուսներն էլ առանձնապես չէին զիջում:
Արդյունքում՝ շեշտը դնելով քաղաքական պատվերների վրա, ինչպես և սպասելի էր, իշխանությունները տապալեցին այս նախաձեռնությունը ևս: Չէ՞ որ Աջափնյակ-1-ում միայն քաղաքական կալանավորումների գործեր չեն քննվում, այլ առհասարակ բոլոր տեսակի քրեական գործերով կալանքների հարցերը: Այս առումով 168.am-ի տեղեկություններով՝ խայտառակ վիճակ է, և բողոքներն այդ դատարանից այնքան շատ են, որ իշխանությունները որոշել են հետողորմեա անել և վերադառնալ նախկին ձևին, երբ կալանքի հարցերը քննում էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները, ոչ թե առանձնացված կազմ:
Երբ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ արեց, որ քաղաքական կալանքների վերաբերյալ ցանկալի որոշումներ ստանան, ու դրա համար Ազգային ժողովով փոփոխություն կատարվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, պատճառաբանությունն այն էր, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար է արվում սա:
Ու հիմա, փաստորեն, իշխանությունները, հասկանալով, որ այս դատարանի ստեղծման թեման «գցել են իրենց ոտքին», ու տակից դուրս գալ չի լինում, որոշել են հունվարից վերադառնալ նախկին տարբերակին:
Խնդիրն այն է, որ այս անգամ ևս անհրաժեշտ կլինի կրկին ԱԺ քվեարկությամբ փոխել «Դատական օրենսգիրքը», իսկ դա նշանակում է ևս մի անգամ ցնցումների ենթարկել դատական համակարգը, և դա ընդամենն իրենց նախաձեռնությունից 1 տարի և 4 ամիս անց:
Եվ կրկին այդ անմարդկային ծանրաբեռնվածության բեռը կընկնի Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավորների վրա, ովքեր առանց այդ էլ աշխատում են անմարդկային գրաֆիկով:
Փոխարենն ընտրեն այնպիսի դատավորներ, ովքեր թե՛ մասնագիտական, և թե՛ մարդկային որակական առումներով կհամապատասխանեն դատավորի կոչմանը, չեն լինի թուլամորթ կամակատարներ կամ չեն գայթակղվի այլ շարժառիթներով, ու «կալանք տվող» դատավորների դատարանը կսկսի նորմալ աշխատել, ՔՊ-ական իշխանությունը որոշել է հերթական անգամ չհաշվարկված քայլ կատարել՝ հերթական անգամ չգնահատելով հնարավոր հետևանքների ռիսկերը: