Բաժիններ՝

35 տարի աշխատել եմ, իմ վաստակը չստանա՞մ. Ի՞նչ խնդրի են բախվում երկքաղաքացիներն ու ի՞նչ են ակնկալում Հայաստանից

Արտերկրում բնակվող Հայաստանի շատ քաղաքացիներ, ովքեր ստանում են կենսաթոշակ, երբեմն դժվարանում են ամեն տարի գալ Հայաստան և ապացուցել, որ իրենք ողջ են, ինչի հետևանքով երբեմն պահումներ են արվում թոշակից:

«Անցած տարի դիմել եմ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի տարիքով մարդկանց քարշ չտան Հայաստան, այլ մեզանից յուրաքանչյուրը տարին կամ ամիսը մեկ կամ երկու անգամ ներկայանա բնակվող երկրում գործող Հայաստանի դեսպանատուն, որն էլ այդ մասին տեղեկացնի Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն, դրսում բնակվող քաղաքացին իր ողջ լինելը հաստատելու համար պարտադիր չգա Հայաստան, որ տեսնեն, հավատան: Իսկ, երբ իրենց նշած օրվանից թոշակառուն ուշանում է՝ կապված հիվանդության, կորոնավիրուսի հետ, գումարից կտրում են»,- մեզ հետ զրույցում ասաց իսրայելաբնակ Նուբար Ասլանյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԱԺ-ի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովից իր նամակին պատասխանել են, որ բարձրացվող խնդրին բախվել են դրսում ապրող մեր շատ հայրենակիցներ, և խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով քննարկումներ կլինեն վարչապետի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, քանի որ հարցը միայն օրենսդրի դաշտում չէ։ Հույս են հայտնել, որ մոտ ժամանակում իրավական կարգավորումը կտրվի։

«Սակայն մինչ օրս լուռ են»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ երկքաղաքացի է և երկու երկրներից էլ թոշա՞կ է ստանում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Օրենքը չի արգելում՝ ես աշխատել եմ 15 տարեկանից՝ 35 տարի, իմ վաստակը չստանա՞մ: Իսրայելից, ինչպես ես, այնպես էլ բոլոր տարիքավոր մարդիկ, եթե չեն աշխատել, ստանում են ծերության նպաստ, ոչ թե թոշակ»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am-ը փորձեց պարզել՝ արդյոք այլ կարգ հնարավոր չէ՞ սահմանել, որ գոնե այլ երկրում ապրող ՀՀ քաղաքացիները դիմեն այնտեղի ՀՀ դեսպանատուն, և ինչ-որ նախագիծ կա՞ այդ առումով, նախարարությունից հայտնեցին, որ նման փոփոխություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս