Իրանի և Ռուսաստանի միջև սպասվելիք ռազմաքաղաքական դաշինքը
Իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում Իսմայիլ Շաբանովը՝ Ռուսաստանի նախագահի Ազգերի խորհրդի խորհրդականն ու ՌԴ-ում Թալիշ համայնքի առաջնորդներից մեկը, մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները, Ադրբեջանում թալիշների ներկա վիճակը և այս մոտեցումը փոխելու անհրաժեշտությունը։
«Իրանը գտնվում է իսլամական դիմադրության, իսկ Ռուսաստանը՝ քրիստոնեական դիմադրության առանցքում՝ ընդդեմ Արևմուտքի և համաշխարհային սիոնիզմի։ Իրան-Ռուսաստան հարաբերությունները ոչ միայն զարգանում են, այլև բառի ամբողջական իմաստով միավորվել են Իրանն ու Ռուսաստանը, ուստի երկու երկրների դաշնակցային հարաբերությունները ռազմավարական են։ Մենք նախկինում միշտ ընդգծել ենք, որ Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական դաշինքն անխուսափելի է։ Այս դաշինքը կորոշի ռազմավարական անվտանգության նոր ճարտարապետությունը Եվրասիական տարածաշրջանում և հատկապես Հարավային Կովկասում։ Դրան հակադրվեցին գլոբալ սիոնիզմի և Արևմուտքի հետ առնչվող ուժերը Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս:
Հանուն արդարության նշեմ, որ Իրանում նմանատիպ ուժերը կտրականապես դեմ են Իրան-Ռուսաստան հարաբերությունների այս տեսակին։ Այսօր Իրանը միակ երկիրն է, որն իրականում աջակցում է Ռուսաստանին։ Երկու տերությունների տեխնիկառազմական համագործակցությունը շատ լավ հեռանկար ունի, երկու երկրների համար բացված են նոր շուկաներ և զարգացման ուղիներ այս ոլորտում։ Ուրախալի է, որ միտումն ընդհանուր առմամբ և բոլոր ոլորտներում զարգացել է այնպես, ինչպես մենք կանխատեսել էինք։
Բայց Իրանն ու Ռուսաստանը դեռ չեն լուծել Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրները։ Ի վերջո, պետք է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին, որտեղ երկու երկրներն էլ զգալիորեն կորցրել են դիրքերը։ Առջևում դեռ երկար պայքար կա, և դրանից հնարավոր չէ խուսափել։ Այս երկու երկրների միջև պատրաստվում է համապարփակ ռազմավարական համաձայնագիր, որից հետո գործընթացներն ավելի արագ կընթանան։
Իրանն Ադրբեջանում բախվում է այն ամենին, ինչի հետ բախվեց Ռուսաստանն Ուկրաինայում: Անցած տարիներին Իրան հասած կեղծ տեղեկություններն արդյունավետ են եղել տվյալ իրավիճակի ստեղծման գործում, և այժմ Իրանը պետք է զգուշացնի ու զորավարժանքներ անցկացնի Ադրբեջանի Հանրապետությունում այդ սպառնալիքներին դիմակայելու համար, քանի որ ներսից ճնշման արդյունավետ լծակ գործնականում չկա Ադրբեջանում:
Երկար ժամանակ Իրանում պանթուրքիզմին առնչվող ուժերի դավադրությունների պատճառով անտեսվում էին Ադրբեջանում սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը հակազդելու կարևորագույն գործոնները։ Դրան նպաստում են նաև այս երկրի որոշ ներգաղթյալներ, որոնք ապրում են Իրանում և առաջադիմում են, և նրանց համար Ադրբեջանի Հանրապետության կառավարության շահերը, նույնիսկ եթե այն գտնվում է սիոնիզմի վերահսկողության տակ, ավելի բարձր են, քան Իրանի Հանրապետության և իսլամական դիմադրության շահերն ամբողջությամբ: Սրանք կրոնի քողի տակ թաքնված պանթյուրքիստներ են։ Նրանք կեղծավորներ են ու քաղցկեղային ուռուցքի և մակաբույծի պես կպել են իսլամական հեղափոխության մարմնին»,- նշել է քաղաքագետը: