Սոչիի հայտարարությունը Հայաստանի պարտությունն է. Խաչիկյան

Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հրապարակվեց հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարության տեքստ, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման փոխարեն օգտագործված է Ռուսաստանի «խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայր» ձևակերպումը, չկա նաև որևէ կետ, որով Ադրբեջանը կպարտավորվի դուրս հանել իր զորքը սուվերեն Հայաստանի տարածքից, շեշտադրված չէ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը։

Նշենք, որ այս հանդիպումից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ եռակողմ հանդիպմանը պատրաստ է ստորագրել 15 կետանոց փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 տարի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Սոչիում ընդունված հայտարարությունը համարեց Հայաստանի պարտություն.

«Սա մեր պարտությունն է, բայց սա նաև նշան է, որ Ռուսաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ չի կարողացել պարտադրել Ադրբեջանին համաձայնել մի կետի շուրջ, որով կամրագրվեր Լեռնային Ղարաբաղ հասկացությունը։ Ռուսաստանը չի կարողացել հասնել նրան, որ արձանագրվի՝ կա ԼՂ խնդիր, որի լուծումը կարող է թողնվել հետագային։ Ինձ համար Ռուսաստանի այս ծանր վիճակը հասկանալի է, որովհետև այդ երկիրը, տևական ժամանակ է՝ պատերազմում է ամբողջ Արևմուտքի դեմ, և այդ հայտարարությամբ չի ցանկացել առճակատման գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ընդգծեց Խաչիկյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե ինքն ընդունում է ռուսական առաջարկները, մնում է Ռուսաստանը կարողանա պաշտպանել դրանք, Խաչիկյանը նկատեց՝ նման ձևակերպումներով Փաշինյանը փորձել է դրդել Ռուսաստանին ինչ-որ քայլերի, ինչն անիմաստ է, որովհետև այս իշխանական խմբին որևէ կողմ՝ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, լուրջ չի ընդունում։

«Նրանք տապալել են արտաքին քաղաքականությունը. երեկվա հայտարարությունը դիվանագիտության բացարձակ տապալում է նախևառաջ այն պատճառով, որ այս իշխանությունը փորձում է նստել երկու աթոռի վրա, որոնց ոտքերը կոտրել է։ Այս քաղաքականության պատճառով է, որ Սոչիում Ալիևը 10։0 արեց Հայաստանին»,- ասաց Խաչիկյանը։

Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտորը վստահեցրեց՝ միջազգային հարաբերություններում ամեն ինչ որոշվում է ուժով, ուստի բնական է, որ թուլացող Ռուսաստանի ֆոնին ադրբեջանաթուրքական գործոնն է ուժեղանալու և կուժեղանան այնքան, քանի դեռ Ուկրաինայում Ռուսաստանը խորանա խնդիրների մեջ, բայց այդ խնդիրներով հանդերձ՝ Ռուսաստանը չի փակել Արցախի հարցն ու հայտարարել է՝ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին։

«Իսկ ի՞նչ է ասում Արևմուտքը, հետաքրքիր է՝ շատ գեղեցիկ խոսող Մակրոնը, կարմիր վարդերով Հայաստանում դիմավորված Նենսի Փելոսին ու հավաքական Արևմուտքն ի՞նչ են ասում Արցախի 120 հազար հայ բնակչի հնարավոր ցեղասպանության մասին։ Օրինակ՝ ասո՞ւմ են, որ Կոսովոյի օրինակով կգնան Արցախի դեպքում, իհարկե չեն ասում, փոխարենը խոսում են ընդամենը մշակութային ինքնավարության և ինքնության պահպանման մասին, իսկ դա այն է, ինչն ասում է Ադրբեջանը»,- ասաց Խաչիկյանը՝ ընդգծելով՝ մշակութային ինքնավարություն է խոստանում այդ խաղաղության պայմանագրի Վաշինգտոնյան տարբերակը, որով Արցախն ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա նման պայմաններում Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններով մեզ դա պարտադրել, և հարց է՝ Իրանը կամ Ռուսաստանը արդյո՞ք կցանկանան այդ ռազմական գործողությունների մեջ ներքաշվել։ Օրինակ, եթե ներքաշվեն, այդ դեպքում Արևմուտքն Ուկրաինայի պես օգնությունը կտա Ադրբեջանին ու Թուրքիային՝ ընդդեմ Իրանի պատերազմ վարելու համար՝ Հայաստանը դարձնելով Ուկրաինա»,- շեշտեց Խաչիկյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս