«Ուրախություն, հուզմունք, ցավ, ամբողջը խառնվել է իրար»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի եղբայրը՝ Էդգար կրտսերը
Այսօր լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի եղբայրը։ Ծնողներն իրենց նորածին որդուն անվանակոչել են հերոս որդու՝ Էդգարի անունով։
«Աննկարագրելի զգացողություն է մոտս, չեմ կարող բառերով բացատրել։ Ուրախություն, հուզմունք, ցավ, ամբողջը խառնվել է իրար։ Մեծ Էդգարիս ծնունդից ուղիղ 20 տարի է անցել, ու լույս աշխարհ եկավ փոքր Էդգարս։ Մի տեղից՝ լույս, մյուս տեղից․․․ Հերոսս ու լույսս խառնվել են իրար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի հայրը՝ Սևակ Զաքարյանը։
Հերոսի հայրն ասաց, որ կնոջ և երեխայի մոտ ամեն բան կարգին է, մի քանի օրից դուրս կգրվեն․
«Հիվանդանոցից կգնանք նախ Եռաբլուր՝ եղբոր մոտ, հետո կբերենք տուն»։
Հիշեցնենք, որ Էդգար Զաքարյանը զորակոչվել էր 2020 թվականի օգոստոսի 24-ին։ Ծառայությունից 1 ամիս անց՝ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, նորակոչիկ Էդգարն իր ծառայակից ընկերների հետ կռվի դուրս եկավ թշնամու դեմ՝ պաշտպանելու հայրենի հողը․ ավաղ, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Էդգարը քաջի մահով ընկավ։
2022 թվականի օգոստոսի 24-ին Էդգարը պետք է զորացրվեր․․․ Այդ օրը նրանց շենքի բակում Էդգար Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվեց։
«Երբ Էդգարս ծնվեց՝ 2002 թվականի մարտի 18-ին, մի աներևակայելի աշխարհ ինձ նվիրեցին, ես չէի պատկերացնում՝ այդ ի՞նչ աշխարհ է։ Տարիների ընթացքում ինչքան գրկում, համբուրում էի, սիրում էի Էդգարիս, այդքան հասկանում էի, թե ինչ մեծ աշխարհ են տվել ինձ, երբ զորացրվեր գար, դա կլիներ իմ երկրորդ նվերը, երկրորդ աշխարհը կլիներ, որ կնվիրեին ինձ։ Ավաղ, չեղավ դա, խլեցին իմ երեխու կյանքն ինձանից, դավաճան վիժվածքներն ինձանից խլեցին իմ երեխուն․․․»,- խաչքարի տեղադրման օրը 168.am-ի հետ զրույցում ասել էր հերոսի հայրը։
Էդգար Զաքարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» հուշամեդալով։