«Ցա՛վ տվեցին մեզ․ կարոտը ներսից քրքրում է»․ խաչքարի բացում  44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի հիշատակին

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 43 շենքի բակում  օգոստոսի 24-ին 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքար  տեղադրվեց։ Շենքի բակում հավաքվել էին Էդգարի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու  հարևանները: Եկել էին նաև  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։

Պատերազմի դաշտում մինչև վերջին շունչը կռված և անմահացած հերոսի հայրը՝ Սևակ Զաքարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խաչքարի տեղադրման օրը պատահական չի ընտրվել, որդին՝ Էդգարը, օգոստոսի 24-ին պետք է զորացրվեր և տուն գար․

«Երկու տարի առաջ օգոստոսի 24-ին Էդգարս զորակոչվեց բանակ։ Ամեն ծնող, որ իր որդուն ճանապարհում է բանակ, երազում է, որ այդ 2 տարին անցնի՝ դիմավորի, գրկի․․․

Կարդացեք նաև

Երբ Էդգարս ծնվեց՝ 2002 թվականի մարտի 18-ին, մի աներևակայելի աշխարհ ինձ նվիրեցին, ես չէի պատկերացնում՝ այդ ի՞նչ աշխարհ է։ Տարիների ընթացքում ինչքան գրկում, համբուրում էի, սիրում էի Էդգարիս, այդքան հասկանում էի, թե ինչ մեծ աշխարհ են տվել ինձ, երբ զորացրվեր գար, դա կլիներ իմ երկրորդ նվերը, երկրորդ աշխարհը կլիներ, որ կնվիրեին ինձ։ Ավաղ, չեղավ դա, խլեցին իմ երեխու կյանքն ինձանից, դավաճան վիժվածքներն ինձանից խլեցին իմ երեխուն․․․

Սպասում էի այս օրվան, օրը եկավ, բայց Էդգարս չեկավ։ Այսքան մարդ, որ հիմա հավաքվել են, իրականում պետք է հավաքվեին, որ դիմավորեին Էդգարիս՝ ծափով, ողջույնով, բայց այսօր բոլորը գլուխները կախ, խոնարհ, բոլորի աչքերը խոնարհ, այսպես դիմավորեցինք։

Ցա՛վ տվեցին մեզ, մենք այդ ցավի մեջ ապրում ենք, բայց ավելի անտանելի ցավ կա, որը կոչվում է՝ կարո՛տ, ու էդ կարոտը մեզ ներսից քայքայում է, քրքրում է, մենք էդ կարոտին չե՛նք դիմանում էլ, դժվա՛ր է, ահավոր դժվար է․․․

Որպես ծնող՝ կուզեմ, որ ոչ մեկը չտենա այս ցավը, ոչ մեկն այս կարոտի ցավը չապրի»։

Էդգար Զաքարյանը զորակոչվել էր 2020 թվականի օգոստոսի 24-ին։ Ծառայությունից 1 ամիս անց՝ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, նորակոչիկ Էդգարն իր ծառայակից ընկերների հետ կռվի դուրս եկավ թշնամու դեմ՝ պաշտպանելու հայրենի հողը․ ավաղ, հոկտեմբերի 9-ին Էդգարը քաջի մահով ընկավ։

Էդգար Զաքարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» հուշամեդալով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս