«Այս տարիների ընթացքում չկա մեկ դեպք, երբ Ադրբեջանը հղում անի Ալմա Աթայի համաձայնագրին՝ Գերագույն խորհուրդն այն ընդունել է վերապահումներով». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝  իրենց բոլոր հանդիպումները Բրյուսելում վկայում են մեկ բանի մասին՝ Փաշինյանը բրյուսելյան իր հանդիպումների տրամաբանության մեջ բանակցել է՝ բացառապես հաշվի չառնելով Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։

«Ցավով պիտի արձանագրեմ, որ մեր բոլոր կռվաններին, փաստարկներին մեր գործընկերները պատասխանում էին, բայց ձեր, այսպես կոչված, իշխանություններն են բարձրաձայնում այս խնդիրները։ Այնպես որ, խնդիրը, որ աշխարհը չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին, գալիս է առաջին հերթին պաշտոնական Երևանից, այդ ամենն այս իշխանությունների աշխատանքի արդյունքն է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՔՊ համագումարին և Նիկոլ Փաշինյանի ելույթին, Հայկ Մամիջանյանն ասաց՝ որևէ մեկը այդ ելույթում գոնե մեկ կաթիլ ափսոսանք, մեղքի զգացում զգա՞ց, հոխորտանքով լի ելույթ էր։

«Այնպիսի տպավորություն էր, որ այս իշխանությունը չէ, որ հարյուրավոր գյուղեր, վանքեր են հանձնել մեր հայրենիքից։ Այն, ինչ ցավ է պատճառում մեզ բոլորիս, իրենց համար վիճակագրություն է, հետո էլ հանդգնություն են ունենում ասելու՝ անթերի կառավարություն և այլն։ Մեղքի զգացումը գրեթե զրոյական է»,- շեշտեց Հ. Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Խոսելով երեկ Սոչիում տեղի ունեցած՝ Փաշինյան-Պուտին-Ալիև  եռակողմ հանդիպումից, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ ակնկալիքներն ավելին էին։

«Փաստացի ադրբեջանական կողմին հաջողվել է այնպես անել, որպեսզի «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չլինի, նույնիսկ խաղաղապահների դիսլոկացիայի մասին խոսելիս, նշվում է այժման դիսլոկացիայի վայրը ինչ-որ եզրույթ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ տեղանունը չի օգտագործվում։ Ադրբեջանական քարոզչական թեզերը, լուսաբանվում, հանրայնացվում և ամենաահավորը՝ նորացվում և ավելացվում են Փաշինյանի կողմից։ Բանակցային գործընթացի տասնամյակների ընթացքում չգիտեմ գոնե մեկ դիպված, երբ ադրբեջանական կողմը հղում է  արել Ալմա Աթայի համաձայնագրին։ Ներքին օրակարգը սպասարկելու համար Փաշինյանն այնքան օգտագործեց Ալմա Աթայի համաձայնագիրը, որ այն դարձավ հայ-ադրբեջանական բանակցությունների կռվաններից մեկը՝ ընդ որում, պրոադրբեջանական կռվաններից մեկը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Ալմա Աթայի համաձայնագրի վերաբերյալ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ  այդ փաստաթղթի հիշատակումն այս համատեքստում բացարձակ կապ չունի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դրան ուշ են միացել, ՀՀ Գերագույն խորհուրդն այն վավերացրել է վերապահումներով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս