ՌԴ ներկայությունը Հարավային Կովկասում ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխել բանակցություններում հօգուտ Ռուսաստանի․ Սկակով
«Սոչիում նախատեսվող եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, բեկում, ամենայն հավանականությամբ, չի լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Սոչիում երկուշաբթի օրը կայանալիք եռակողմ բանակցություններին ու այդ հանդիպման շուրջ զարգացող դիսկուրսին։
Հիշեցնենք, որ օրերս ռուսական բանավեճային «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ մանրամասներ բացահայտեց Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան կամ եվրոպական և մոսկովյան տարբերակներից։ Սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի բացահայտումը, որ դեռ սեպտեմբերին համաձայն է եղել ռուսական առաջարկներին՝ նշելով, որ ակնկալում է, թե ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները։
Այսօր Փաշինյանը ևս անդրադարձավ վերոնշյալ թեմային՝ ասելով, թե պատրաստ է Սոչիում ՌԴ առաջարկների հիման վրա 15 կետանոց փաստաթուղթ ստորագրել:
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ համաձայն է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ինքը չի կարող որոշել՝ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։
Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ ՌԴ-ն որոշակիորեն բացահայտեց առաջարկվող փաթեթն անընդհատ ՌԴ-ին ուղղվող մեղադրանքները դադարեցնելու կամ մասամբ գոնե վերացնելու նպատակով։
Ըստ նրա, սա նաև ասվեց՝ ցույց տալու համար, որ, ի վերջո, Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ կա ընտրության հնարավորություն, եթե Հայաստանը ցանկանում է զբաղվել այդ հարցով։
«Բնականաբար, այստեղ նաև ռուսական շահը կա, քանի որ այդ տարբերակը կնշանակի խաղաղապահ առաքելության երկարաձգում, ինչին, կարծում եմ, Ադրբեջանը դեմ է։ Գուցե հայկական կողմի ակնարկն այն է, որ Ադրբեջանն է հրաժարվել ռուսական առաջարկներից հենց այս պատճառով, պնդել չենք կարող, բանակցությունները փակ են, բայց դիրքորոշումներից կարող ենք ենթադրել։ Եթե եվրոպական տարբերակում Ղարաբաղին անդրադարձ չկա, ապա ինչ-որ մի օր խաղաղապահներն այնտեղ ավելորդ են լինելու, դա ձեռնտու է թե Արևմուտքին, թե Ադրբեջանին, բայց ոչ Ղարաբաղում ապրող բնակչությանը։ Սա բարդ ընտրություն է, գոյաբանական, ուստի այդ մասին խոսվեց բավականին հստակ»,- ասաց Սկակովը։
Ըստ նրա՝ դժվար է ասել, թե երկար ժամանակ Բրյուսելում շարունակվող բանակցություններից ու մի շարք հարցեր համաձայնեցնելուց հետո կողմերն ինչպես կդիրքավորվեն ՌԴ առաջարկած փաթեթի վերաբերյալ։
Վերլուծաբանը կարևորեց Ղարաբաղում կազմակերպվելիք հանրահավաքը՝ կարևորելով նաև այն ուղերձները, որոնք պետք է հնչեցվեն։
«Պետք է շեշտել, որ ՌԴ նախագահը նաև հստակ ասաց, որ ոչինչ չի պարտադրվում որևէ կողմի, ցանկացած իրավիճակի համար ՌԴ-ն իր սցենարներն ունի։ Բացի այդ, աշխարհը դեռ տուրբուլենտության գոտում է, ՌԴ-ի համար այս ամենը կորցրել է իր առաջնային կարևորությունը։ Սոչիի հանդիպումից բեկում չեմ սպասում, կարծում եմ՝ կողմերի սպասելիքն այս պահին Բրյուսելում է, որտեղ նախատեսված է Պրահայի քառակողմ հանդիպումից հետո հերթական հանդիպումը։
Սակայն պետք է ասել, որ տեղում իր ազդեցությունը պահպանում է Ռուսաստանը, ինչն առանցքային կարևորության հանգամանք է, որը կարող է ցանկացած պահի փոխել իրերի դրությունը։ Բայց ՌԴ իրավիճակից հմտորեն օգտվեցին Արևմուտքում, որոշակի ներկայություն և ակտիվություն իրականացնելով Հարավային Կովկասում, բայց ՌԴ ներկայությունը տեղում ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխել։ Պարզապես այստեղ արդեն առաջին պլան է գալիս ՌԴ շահագրգռության մակարդակը»,- նկատեց վերլուծաբանը։