«Մեր երկիրը գտնվում է երկնիշ տնտեսական աճի փուլում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ-ի համագումարում  հայտարարեց, որ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում հասցրել են անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։

«Մեր գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ ու հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ Տեսնում եք, որ ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք դեռ, բայց մենք շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության, ընտրությունների ազատ չափանիշներով, խոսքի, մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային, տնտեսական ազատության չափանիշներով։ Այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում մենք շատ դեպքերում առաջ ենք նույնիսկ ԵՄ մի շարք երկրներից, սա մի փաստ է, որը պետք է արձանագրենք։

Մենք ժողովրդի առաջ 2018 թվականին, դրանից առաջ, նաև մեր կուսակցության հիմնադիր ժողովում արձանագրել ենք, որ ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից է, որը պետք է ապահովի երկրի զարգացումը։ Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները՝ 1-2 տարվա ընթացքում, կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոսով։ Այդ խոստումն ի կատար է ածվել, ամենաթարմ տվյալներով, մենք 2022 թվականի արդյունքներով 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է։ Սա այսօրվա փոխարժեքով 1-1,5 մլրդ դոլարին մոտեցող գումար է»,- հայտարարեց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը, նա ասաց, որ տնտեսական ազատության վարկանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը։

«Մեր երկիրը գտնվում է երկնիշ տնտեսական աճի փուլում։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ կառավարությունը և պետությունը որևէ կապ չունի երկնիշ տնտեսական ազատության հետ։ Շատերն ասում են, որ կառավարությունը չէ տնտեսական աճի հեղինակը, և սա ասում են՝ որպես քննադատություն, իրականում սա կոմպլիմենտ է, քանի որ մեր ամբողջ տեսությունը նրա մեջ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրն է եղել չխանգարել տնտեսությանը զարգանալու և աճելու ճանապարհին։ Մենք հավատարմորեն մնացել ենք այդ գծի վրա։ Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան արտահանման և ներմուծման քվոտաներ, և սա փաստ է։ Մենք ասել ենք, որ տնտեսական բնագավառում մեր մեծագույն խնդիրները հնարավորություններ ստեղծելն է, հենց գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՔՊ հիմնադիր ժողովում ընդունված ծրագրերից մեկն էլ կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին դրույթն էր։

Նա արձանագրեց, որ ՀՀ պետական կառավարման և հանրային կյանքի կառավարման առումով կանանց դերը շարունակաբար մեծանում է, իսկ դրա համար ՔՊ-ն ստեղծել է պայմաններ, որոնք ի ցույց են դնում, որ ՔՊ-ն հավատարիմ է իր գրած տեքստերին։

Նիկոլ Փաշինյանը նաև թվարկեց, թե կանայք ինչ պաշտոններ են զբաեցնում, օրինակ, Գլխավոր դատախազը և նրա տեղակալը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կանայք են, Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, ՄԻՊ-ը՝ կին է։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը որակեց՝ որպես պատմական աննախադեպ փաստեր, նշելով, թե որպես օրինակներ մատնանշեց այդ պաշտոնները, քանի որ դրանք ապաքաղաքական պաշտոններ են։

Նիկոլ Փաշինյանը նաև չմոռացավ ևս մեկ անգամ հիշեցնել, որ 2018 թվականից հետո երկու անգամ բարձրացրել են թոշակները, ևս մեկ անգամ էլ պատրաստվում են բարձրացնել 2023 թվականին։ Նաև՝ ստեղծել են մի մեխանիզմ, որը կենսաթոշակառուներին հնարավորություն է տալու անկանխիկ գնումների միջոցով ևս բարձրացրածի չափով հավելյալ եկամուտ ունենալ։

«Հակակոռուպցիոն պայքարը մեր կառավարության այն ամենակարևոր ուղղություններից է, որը ստացել է համաշխարհային ճանաչում, ճանաչում այն իմաստով, որ ընդունում են, որ կառավարող քաղաքական ուժը պայքարում է  կոռուպցիայի դեմ։  Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ստեղծումը, կարծում եմ՝ մեր ամենակարևոր գործերից է և այո, պիտի ասեմ՝ հաջողություններ, և պիտի ասեմ՝ մեր ամենակարևոր անհաջողություններից, որովհետև այն, որ մենք նվիրված ենք հակակոռուպցիոն պայքարին՝ բոլորն ընդունում են։ Սակայն պիտի խոստովանենք, որ մեր քաղաքացիների ակնկալիքները 2018 թվականից հետո, հակակոռուպցիոն պայքարից ավելին էին, քան մենք անում ենք, մենք սա գիտենք։

Այս ճանապարհին պետք է գործեն ոչ թե անհատները, քաղաքական թիմերը, քանի որ ինձ համար ամենամեծ վտանգի զգացողությունը եղել է դա, որ եթե մենք այդ պայքարի տանիքի ներքո սկսենք սեփականություններ վերցնել պետության և ժողվորդին վերադարձնելու տրամաբանության ներքո, ապա ամեն ինչ դուրս կգա վերահսկողությունից։ Եվ այդ սեփականությունը մի խմբի տիրապետությունից դուրս կգա և կհայտնվի մեկ այլ խմբի տիրապետության ներքո։ Հետևաբար՝ հարց է ծագել՝ ինչպես լուծել խնդիրը, և մենք գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ ՔՊ-ի հաջողությունների մասին խոսելիս, ցանկանում է առանձնահատուկ նշել այն բարեփոխումները, որոնք անում են հանրակրթության ոլորտում։ Այս առումով իր համոզմունքն այն է, որ Հայաստանի բոլոր խնդիրները հասկանալու ճանապարհին անխուսափելիորեն հասնում են դպրոց, մանկապարտեզ ու բուհեր։

«30 տարի ի՞նչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, որը մենք չենք տեսել ամենօրյա մեր կյանքում, չենք նկատել դրա կարևորությունը, նկատի ունեմ՝ հանրայնորեն, քանի որ մենք ըստ էության նկատել ենք։ Տասնյակ, հարյուրավոր անգամներ ենք ասել, որ այն գործընթացները, որ դպրոցները դարձնում են ընտրակաշառքների բաժանման, իշխանական ուժերի քարոզչության շտաբներ, դրա հետևանքները պայթելու են մեր գլխին, և դրա հետևանքները պայթել են մեր գլխին։ Սակայն այն փոփոխությունները, որոնք մենք անում ենք, կրկնապատկում ենք։ Բայց մենք ասում ենք, որ չենք պատրաստվում համատարած փակ աչքերով բարձրացնել բոլոր ուսուցիչների աշխատավարձերը։ Մենք այստեղ էլ փորձում ենք ասել՝ գնացեք, կրկնապատկեք ձեր ուժերով և նույնիսկ եռապատկեք ձեր աշխատավարձերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս